Գործատու-աշխատող հարաբերություններում հաճախ են հանդիպում խնդրահարույց հարցեր, որոնց պատասխաններին միշտ չէ, որ կողմերը լիարժեք տիրապետում են: Banks.am-ը որոշել է դիմել «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես են օրենքով կարգավորվում աշխատանքային իրավահարաբերությունների տարբեր կետերը: Շարքի առաջին մասը կարդացեք այստեղ:Շարքի երկրորդ մասը նվիրված է արձակուրդի կազմակերպմանը, որը ներկայացնում է «ԼեգալԼաբ»-ի իրավաբան Մերի Օհանյանը: Արձակուրդի կազմակերպման հետ կապված հարցերըԱմենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու եւ աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) եւ վճարվում է միջին աշխատավարձը: Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված եւ լրացուցիչ:Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Օրինակ՝ եթե միջին օրական աշխատավարձը 3000 դրամ է (սա հաշվարկվում է, հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, միջին ամսական աշխատավարձը 21-ի, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում՝ 25-ի բաժանելով), իսկ արձակուրդը՝ 24 աշխատանքային օր, ապա աշխատողը կվճարվի 72 000 դրամի չափով:Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:Աշխատող ուսանողների արձակուրդներ տրամադրելու կարգըՄիջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:Հանրակրթական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ`1) Ընթացիկ քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր,2) Ստուգարքներին նախապատրաստվելու եւ հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր,3) Լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով,4) Դիպլոմային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր,5) Պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու եւ հանձնելու համար` վեց աշխատանքային օր:Հանրակրթական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն այն դեպքում, երբ գործատուն իր իսկ նախաձեռնությամբ է աշխատողին գործուղել սովորելու: Վճարման կարգը հաշվարկվում է՝ յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով:Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով եւ/կամ կողմերի համաձայնությամբ:Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու եւ վերադառնալու ժամանակը:Շարքի առաջին մասը կարդացեք այստեղ:Շարունակելի Tweet Դիտում՝ 19480