Դրամահավաք՝ հանուն չհանձնվող համայնքների

19.04.2017 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Indiegogo #Արեգ Թադեւոսյան

Համայնքային զարգացման գրավականը համայնքի անդամներն են, որոնք չեն հանձնվում, չեն գաղթում, չեն վախենում գործել եւ փոխել: Նման եզրակացության են եկել «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի հեղինակները, որոնք Indiegogo հարթակում դրամահավաք-արշավ են կազմակերպել՝ համայնքային 10 սոցիալական ձեռներեցների ֆինանսավորելու նպատակով:

Դրամահավաքի նպատակների շուրջ Banks.am-ը զրուցել է ծրագրի ղեկավար Արեգ Թադեւոսյանի հետ:

«Ոչ թե ձուկ ենք տալիս, այլ կարթ»

Ոչ թե ձուկ են տալիս մարդկանց, այլ տրամադրում են ձկնորսական կարթ եւ սովորեցնում՝ ինչպես ձուկ որսալ: «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի նպատակը հստակ է. համայնքներում նպաստել սոցիալական ձեռներեցության զարգացմանը, ներսից՝ համայնքի անդամների միջոցով նպաստել արտագաղթի եւ գործազրկության կրճատմանը:

Ծրագիրը մեկնարկել է 2015թ. վերջին՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, նախատեսվում է ծրագրի ավարտին ունենալ 10 ուժեղ եւ շահույթ գեներացնող բիզնես:

Banks.am-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Արեգ Թադեւոսյանը նշում է, որ նախապես մրցույթին մասնակցելու հայտ են ստացել ավելի քան 200 կազմակերպությունից:

«Սկզբում դրանցից ընտրեցինք 60-ը, նախնական թրեյնինգ անցկացրինք, որի արդյունքում էլ ընտրվեցին 27-ը. նրանց հետ ավելի քան կես տարի աշխատել ենք, սովորեցրել ենք բիզնես-ծրագրեր կազմել,- պատմում է նա: -Վերջնական արդյունքում ընտրվել է 10 ծրագիր, որոնք պատրաստ են եւ սպասում են ֆինանսավորման»:

10 ծրագիր՝ ամենախոցելի բնակավայրերից

Ֆինանսավորման ենթակա 10 ծրագրերն ընտրվել են Հայաստանի մարզերի ամենատարբեր, առավել խոցելի եւ առավել սուր խնդիրներ ունեցող համայնքներից՝ Նոյեմբերյան, Իջեւան, Սեւան, Վարդենիկ, Բավրա եւ այլն: Իրենց բնույթով տարբեր են նաեւ ծրագրերը՝ հնդկացորենի ցանքատարածություններից մինչեւ էկո ճամբար, աղբի վերամշակումից մինչեւ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցում:
 


«Փորձել ենք ընտրել հնարավորինս բազմաբնույթ ծրագրեր եւ այնպիսի համայնքներ, որտեղ հատկապես սուր կարիքներ կան»,- ասում է Արեգ Թադեւոսյանը՝ հավելելով, որ մեծ կարեւորություն է տրվել նաեւ սահմանամերձ համայնքների ծրագրերին:

Ներկայացված բիզնես-նախագծերից 2-ը միտված են աշխատատեղեր ստեղծել հաշմանդամություն ունեցողների համար: Մասնավորապես, Վանաձոր քաղաքում Անուշ Ասլանյանը նախատեսում է հաշմանդամություն ունեցողների համար բացել կարի արհեստանոց, իսկ Սեւանում Սաթիկ Բադեյանի կողմից առաջարկվել է բացել էկոլոգիապես մաքուր հրուշակեղենի արտադրամաս:

Հանգանակություն

10 ծրագրերի ֆինանսավորման մի մասը հոգում է Եվրամիությունը, չբավարարող միջոցները նախատեսվում է հավաքել հանգանակության միջոցով:

Դրամահավաք-արշավը մեկնարկել է ապրիլի 14-ին Indiegogo հարթակում եւ կշարունակվի 1 ամիս, որի ընթացքում նախատեսվում է հավաքել $20 հազ.: Դրամահավաքի առաջին օրերին արդեն հանգանակվել է ավելի քան $2000, ինչ ծրագրի անդամներն արդեն իսկ դրական են գնահատում:

Հոդվածը գրելու պահին հանգանակությանը մասնակցել է 71 մարդ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից եւ այլ երկրներից:

Արեգ Թադեւոսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հանգանակությանը մասնակցել են մեծ թվով մարդիկ հենց Հայաստանից:

«Դրամահավաքի մեկնարկից 2,5 օր հետո, հակառակ մեր սպասումներին, հանգանակողների 90%-ը Հայաստանից է: Մինչդեռ սկզբում, երբ այն պլանավորում էինք մասնագետի հետ, մեր հիմնական թիրախը Սփյուռքն էր»,- նկատում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դրամահավաքը նման տեմպերով շարունակելու դեպքում հետաքրքիր նախադեպ կարող է ստեղծվել, որը կցրի բոլոր միֆերը, թե «Հայաստանում ոչինչ հնարավոր չէ անել»:

Ֆինանսավորում ստանալուց հետո, ծրագրի ղեկավարի խոսքով, բիզնես-նախագծերի իրականացման ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացվեն, եւ բոլորը թափանցիկ կերպով կարող են հետեւել, թե ինչի վրա է ծախսվել իրենց հանգանակած գումարը:

Նախատեսվում է, որ ծրագրերի մեկնարկը կտրվի ֆինանսավորում ստանալուց անմիջապես հետո՝ առաջիկա 1-2 ամիսներին:

«Ամեն ինչ փաստացի պատրաստ է՝ բիզնես-պլանները գրված են, բոլորը կրկնակի խորհրդատվություն են ստացել եւ պատրաստ սպասում են ֆինանսավորմանը»,- եզրափակում է Արեգ Թադեւոսյանը:  

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 13941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW