Պրոմեթեյ Բանկը տարին մեկնարկել է սոցիալական ծրագրերի իրականացման նոր գաղափարով, որի մանրամասները Banks.am-ին ներկայացրել է բանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթեւիկ Խաչատրյանը: «Պրոմեթեյ Բանկն իր գործունեության 26 տարիների ընթացքում մշտապես գիտակցել է իր դերը` որպես հասարակության մասնիկ եւ իրականացրել բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք ունեցել են ամենատարբեր թիրախներ՝ աջակցություն հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին, կրթական ծրագրեր, բնության պահպանություն եւ այլն»,- պատմում է Տաթեւիկը: Նրա խոսքով՝ Պրոմեթեյ Բանկն այս տարի իրականացնելու է եւս 12 սոցիալական ծրագիր: «12 թիվը հատկանշական է. այն համապատասխանում է տարվա ամիսներին, յուրաքանչյուր ամիս` 1 ծրագիր: Ծրագրերն ավելի պատկերավոր դարձնելու նպատակով բանկի 2017թ. կորպորատիվ օրացույցը ձեւավորել ենք այդ ծրագրերի ոլորտները ներկայացնող 12 անավարտ գրչանկարներով՝ ի նշան ոլորտում առկա բացերի: Օրացույցն ընթերցողը հնարավորություն ունի ինքնուրույն ավարտելու եւ ամբողջականացնելու պատկերները»,- նշում է Տաթեւիկը՝ ընդգծելով, որ բանկը տարիներ շարունակ հատուկ կարեւորություն է տվել կորպորատիվ օրացույցների դիզայնին: «Մեր օրացույցներում միշտ ներկայացվել են հայկականության տարածմանն ուղղված թեմաներ՝ հայկական տարազներ, հայտնի հայեր, հայ գյուտարարներ, անհայտ փաստեր հայերի մասին եւ այլն»,- շեշտում է նա: Արդեն մեկնարկել է հունվար ամսվա ծրագիրը՝ հայ գրականության ոլորտում: Բանկը պատրաստվում է ֆինանսավորել գրքի տպագրական աշխատանքներ՝ խթանելով հայ հեղինակների աշխատանքների տարածումը: Արդեն ընտրվել է աշխատությունը՝ տպագրվելու են մանկական պիեսներ: Գրքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը: Զուգահեռաբար պատրաստվում է հաջորդ ամսվա ծրագիրը, որը ներկայացնելու է հայկական զարդարվեստը: Կազմակերպվելու է արծաթագործների մրցույթ՝ հին հայկական զարդերի թեմայով, իսկ հաղթողը կստանա դրամաշնորհ՝ 500 000 դրամի չափով:Մարտի թեման հայոց այբուբենն է: Բանկը կազմակերպելու է ուսանողական մրցույթ, որի հաղթողը կստանա 1 տարվա ուսման վարձի վճար, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած ուսանողները կպարգեւատրվեն դրամական մրցանակներով:«Իհարկե, կան ծրագրեր, որոնք ավելի մասշտաբային են եւ պահանջում են զգալի ֆինանսավորում, օրինակ՝ ապրիլի թեման հայ եկեղեցաշինությունն է, իսկ ծրագիրը՝ որեւիցե եկեղեցու գմբեթի վերակառուցումը: Մայիսին վերանորոգելու ենք սահմանամերձ գյուղերի հիվանդանոցներից մեկի հիվանդասենյակները: Հունիսին ծառատունկ ենք իրականացնելու, իսկ հուլիսին վերանորոգելու ենք մի մարզասրահ՝ խթանելով երիտասարդների առողջ ապրելակերպը եւ ներգրավվածությունը սպորտում»,- նշում է Պրոմեթեյ Բանկի ներկայացուցիչը: Տաթեւիկը մեծ ոգեւորությամբ է պատմում օգոստոս ամսվա համար նախատեսված ծրագրի մասին, որի թեման է լինելու նավագնացությունը.«Ժամանակին հայ նավագնացների համբավն այնքան մեծ է եղել, որ եվրոպական նավերը պատերազմող երկրների նավահանգիստներին մոտենալիս հաճախ բարձրացրել են հայկական դրոշը, որպեսզի անվտանգ մուտք գործեն այդ երկրներ: Ծրագրի շրջանակում համագործակցելու ենք Այաս ծովային հետազոտությունների ակումբի հետ, մրցույթի հաղթողների համար կազմակերպելու ենք էքսկուրսիա Սեւանում, որի ընթացքում Կիլիկիա նավի նավապետը վարպետության դաս կանցկացնի»: Սեպտեմբերի թեման հայոց լեզուն է՝ ամսվա ընթացքում բանկը քայլեր է ձեռնարկելու ներկայում հայերենում տարածված սխալների եւ դրանց ճիշտ կիրառության մասին բացատրական նյութեր տարածելու ուղղությամբ: Հոկտեմբերի ծրագիրը նվիրված կլինի գինեգործությանը՝ ոլորտի ապագա մասնագետներին խթանելու համար կկազմակերպվի ուսանողական մրցույթ՝ դրամական մրցանակներով: Այս համատեքստում մեր զրուցակիցը մատնանշում է այն փաստը, որ աշխարհում ամենահին՝ 6 հազ. տարվա պատմություն ունեցող գինեգործարանը հայտնաբերվել է Արենիում:Շարունակելով պատմական փաստերը՝ Տաթեւիկն անդրադառնում է նաեւ այն հանգամանքին, որ մեզ հասած հնագույն մանրանկարները 6-7-րդ դարի նմուշներ են: Համագործակցելով Մատենադարանի հետ՝ բանկը դեռեւս 2016թ. ամռանը մեկնարկեց Մատենադարանում պահվող հայկական առաջին թղթե ձեռագիր գրքի՝ «Մատյան գիտության եւ հավատոյ Դավիթ քահանայի» վերականգնման աշխատանքները: Նոյեմբերին գրքի վերականգնման աշխատանքները կավարտվեն: Իսկ դեկտեմբերին՝ հայ երաժշտության թեմայի շրջանակում Պրոմեթեյ Բանկն ազգային երաժշտական գործիքներ կնվիրի սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին:«Ամեն ամիս մենք կներկայացնենք այդ ամսվա ծրագիրը եւ միասին՝ քայլ առ քայլ, կհետեւենք ծրագրի իրականացման գործընթացին»,- ամփոփել է Տաթեւիկ Խաչատրյանը:Տաթեւիկ Խաչատրյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը Tweet Դիտում՝ 16224