Աննա Գիշյան. «Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհների հայտեր է ընդունում

16.01.2017 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

2015թ. մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հայտարարեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին: Այժմ` ավելի քան մեկուկես տարի անց, հիմնադրամը սկսում է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մամուլի ծառայությունը տրամադրել է հարցազրույց, որում հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը (Ստեփան Գիշյանի կինը) պատմում է կառույցի գործունեության եւ ծրագրերի մասին:  

- Տիկի՛ն Գիշյան, շուրջ մեկուկես տարի առաջ հայտարարվեց հիմնադրամի ստեղծման մասին: Ինչպե՞ս է առաջացել բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ովքե՞ր են հիմնադիրները եւ ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:

- Ստեփանը նոր արժեքներ ու մշակույթ է բերել Հայաստանի ֆինանսաբանկային եւ գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել գյուղատնտեսությամբ զբաղվող հազարավոր մարդկանց ապրել ու արարել իրենց հայրենիքում, եւ այս ամենը իրականացվել է՝ ամրացնելով հայ-ֆրանսիական կապերը, մշտապես նպաստելով փորձի փոխանակմանը, գործարար, մշակութային կապերի հաստատման ու զարգացմանը երկու երկրների միջեւ: Հենց այս գործունեության շարունակականության ապահովման, նրա սկսած գործը կիսատ չթողնելու համար էլ Գիշյան ընտանիքի, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի կողմից ստեղծվել է այս հիմնադրամը:

- Իսկ ի՞նչ ձեւաչափով է իրականացվելու հիմնադրամի գործունեությունը եւ ի՞նչ ոլորտներ է ներառելու:

- Նախ` ոլորտների մասին: Ներառել ենք հիմնական սոցիալական ոլորտները՝ գիտություն, կրթություն, առողջապահություն, տնտեսություն եւ մշակույթ: Սա արվել է այն պարզ նկատառմամբ, որ մենք ցանկանում ենք մեր գործունեության թիրախում ունենալ Հայաստանի համայնքներում առկա ամենակարեւոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտոմ են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում ապրելուն: Ֆինանսավորելու ենք այնպիսի ծրագրեր, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն:

Ինչ վերաբերում է գործունեության ձեւաչափին, ապա ֆինանսավորումն իրականացվելու է նշված ոլորտներում առավել հեռանկարային նախաձեռնություններին՝ դրամաշնորհների տրամադրմամբ:

- Որքա՞ն գումար եք նախատեսում ներդնել այդ ծրագրերի ֆինանսավորման համար, քանի՞ ծրագիր եք իրականացնելու:

- Հիմնադիրների կողմից նվիրաբերված սկզբնական միջոցների հանրագումարը շուրջ 300 միլիոն դրամ է կազմում, որը կարող է ավելանալ ինչպես նոր նվիրաբերված միջոցների հաշվին, այնպես էլ այդ միջոցների կառավարման արդյունքում: Այդ միջոցները, ինչպես նշեցի, կառավարվելու են հիմնադրամի կողմից, եւ կառավարման արդյունքում ձեւավորված միջոցների հիմնական մասն էլ ուղղվելու է դրամաշնորհների տրամադրմանը: Նախատեսում ենք առաջին տարվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտից իրականացնել մեկական ծրագիր՝տարեկան յուրաքանչյուրին հատկացնելով մինչեւ 5 միլիոն դրամ: Հետագայում արդեն կփորձենք մեծացնել հատկացվող ֆինանսավորման չափը:

- Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյոք այդ գումարով հնարավո՞ր է որակական ինչ-որ փոփոխություններ բերել Ձեր կողմից մատնանշած ոլորտներ:

- Ստեփանը մի խոսք ուներ. նա միշտ ասում էր՝ «մենք դա կանենք…»: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչպես ստեղծվեց «Ակբա»-ն: 90-ականներին գյուղատնտեսության վարկավորման մասին մտածելը թվում էր անիմաստ եւ անհեռանկարային: Մինչդեռ հիմնադրումից տասը տարի անց նրա առաջնորդությամբ բանկը դարձավ Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը: Այդպես էլ պետք է մոտենանք այս խնդրին՝ այս գործում կարեւորելով համագործակցությունը նշված ոլորտների զարգացմամբ հետաքրքրված այլ կազմակերպությունների հետ եւս:

- Ինչպիսի՞ն է դրամաշնորհներին դիմելու կարգը:

- Բնականաբար, նախ եւ առաջ, ներկայացվող ծրագիրը պետք է վերաբերի ընտրված ոլորտներից որեւէ մեկին: Երկրորդ, այն պետք է համապատասխանի մեր կողմից հիմնադրամի կայքում ներկայացված պահանջներին: Կարեւոր է նաեւ, որ դիմում-հայտերը լինեն լիարժեք՝ ներառելով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Առաջին փուլում ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր դիմում-հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Այս փուլում յուրաքանչյուր ոլորտի ծրագրերի համար մասնագիտական փորձագիտական հանձնաժողովը կտա իր եզրակացությունը՝ հարցազրույցի եւ ներկայացրած դիմում-հայտի փաթեթի հիման վրա: Դրանից հետո դրական եզրակացություն ստացած ծրագրերը կներկայացվեն հիմնադրամի խորհրդի քննարկմանը, որն էլ կկայացնի վերջնական որոշումը:   

- Ե՞րբ է նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումների ընդունման մեկնարկը:

- Նախատեսում ենք հայտեր ընդունել 2017թ. հունվարի 10-ից մինչեւ մարտի 10-ը: Այնուհետեւ մի քանի փուլով տեղի կունենա դրամաշնորհային մրցույթը, եւ 2017 թվականի մայիսի 5-ին կհայտարարվեն հաղթողները:

- Եվ վերջապես՝ ինչպիսի՞ն եք տեսնում հիմնադրամի ապագան:

- Վստահ եմ՝ մի քանի տարի հետո մենք կկարողանանք ասել, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը:

Դիտում՝ 27603
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW