Ջերեմի Ուեյթ. ԱՃԹՆ-ն կբարձրացնի վստահությունը ՀՀ-ի նկատմամբ

24.11.2016 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) կառավարության, մասնավոր հանքարդյունահանող կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կոալիցիա է, որի աշխատանքն ուղղված է բնական պաշարներից ստացված եկամուտների բաց եւ հաշվետու կառավարման բարելավմանը:

ՀՀ կառավարությունը 2015թ. հայտարարել է Հայաստանի՝ ԱՃԹՆ-ին միանալու որոշման մասին: Սակայն ԱՃԹՆ երկիր դառնալու համար Հայաստանը նախ պետք է դառնա թեկնածու, այնուհետ՝ համապատասխանող երկիր եւ վերջում արդեն՝ ԱՃԹՆ անդամ:

Վերջերս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ Երեւանում էր գտնվում բրիտանական «Ադամ Սմիթ Ինթերնեյշնլ» խորհրդատվական ընկերության առաջատար փորձագետ Ջերեմի Ուեյթը: Նա խորհրդատվական աջակցություն է ցույց տալիս է պետական ու մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների (բազմաշահառու խումբ)՝ ԱՃԹՆ անդամ երկիր դառնալու համար համապատասխան հայտ ներկայացնելու նպատակով: Մեդիամաքսը զրուցել է Ջերեմի Ուեյթի հետ:

-Ո՞րն է ԱՃԹՆ նախաձեռնության օգտակարությունը Հայաստանի համար:

- ԱՃԹՆ-ն գլոբալ նախաձեռնություն է, եւ ներկայում դրան միացել է ավելի քան 50 երկիր: ԱՃԹՆ-ն ստեղծվել է Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի նախաձեռնությամբ 2002թ. Յոհանեսբուրգում կայացած Կայուն զարգացում համաժողովի շրջանակում:

ԱՃԹՆ-ն միջազգային ստանդարտ է, որի նպատակն է բարելավել բնական ռեսուրսներից ստացվող եկամուտների թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ հրապարակելով գազի, նավթի եւ հանքարդյունաբերության ոլորտների կազմակերպությունների կողմից վճարվող հարկերը եւ կառավարության կողմից ստացվող եկամուտները:
 
ՀՀ կառավարությունը 2015թ. հայտարարեց Հայաստանի՝ ԱՃԹՆ-ին միանալու որոշման մասին: Սակայն ԱՃԹՆ երկիր դառնալու համար Հայաստանը նախ պետք է դառնա թեկնածու, այնուհետ՝ համապատասխանող երկիր եւ վերջում արդեն՝ ԱՃԹՆ անդամ երկիր: Թեկնածու երկրի կարգավիճակը նշանակում է, որ ԱՃԹՆ-ն իրականացման փուլում է, սակայն դեռեւս ոչ բոլոր պահանջներն են բավարարվել: Փորձագետների համոզմամբ, նույնիսկ «թեկնածու երկրի» կարգավիճակում Հայաստանի հանքաարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունն էապես կարող է աճել:  Միջազգային մարմինը 2017թ. մարտին կդիտարկի Հայաստանի՝ թեկնածու երկիր դառնալու հայտը, որից հետո երկիրը կունենա 18 ամիս ժամանակ՝ իր առաջին զեկույցը պատրաստելու համար: Վերջինս անհրաժեշտ է ԱՃԹՆ համապատասխանող երկիր դառնալու համար:

Նախաձեռնությունը կօգնի բարձրացնել ներդրողների եւ ֆինանսական կառույցների վստահությունը Հայաստանի նկատմամբ՝ ցույց տալով, որ կառավարությունը բաց է ու թափանցիկ: Նշեմ մի քանի առավելություններ․ նախաձեռնությունը օգնում է կառավարությանը ուժեղացնել հակակոռուպցիոն ծրագրերը, բացահայտել չվճարված հարկերը, ավելի լավ պատկերացում կազմել հանքարդյունաբերության ոլորտի մասին եւ մտածել նոր հնարավորությունների մասին:

- Այս օրերին Դուք վերապատրաստում եք բազմաշահառու խմբին: Ովքե՞ր են նրանում ընդգրկված, եւ ո՞րն է խմբի առաքելությունը:

- Հայաստանի՝ ԱՃԹՆ երկիր դառնալու կարեւորագույն նախապայմանը կառավարության, մասնավոր հանքարդյունահանող կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կոալիցիայի հիմնումն է եւ վերջինիս աշխատանքը:   

Խումբն աշխատելու է տարեկան զեկույցի վրա, որտեղ կբացահայտվեն հանքարդյունաբերական ընկերությունների վճարած հարկերն ու ֆինանսական մյուս հոսքերը:  Այս տեղեկատվությունը թույլ կտա հասկանալ, թե կառավարությունը բնական պաշարներից որքան եկամուտ է ստացել, ինչ ուղղություններով են ծախսվել այդ գումարները, ինչպես նաեւ ոլորտի վերաբերյալ այլ առանցքային տեղեկություններ:

Խումբը մշակելու է «Աշխատանքային ծրագիր» եւ ԱՃԹՆ «թեկնածու երկիր» դառնալու հաջող դիմում/հայտ՝ հիմնվելով մի շարք այլ երկրների հաջող փորձի վրա: Ծրագիրն էապես կնպաստի Հայաստանի՝  ԱՃԹՆ «թեկնածու երկիր» դառնալուն:  

- Ի՞նչ դեր է վերապահված հանրությանը ԱՃԹՆ գործընթացում:

- Եթե ԱՃԹՆ անդամակցությունը կառավարության եւ մասնավոր սեկտորի համար խոստանում է ներդրումներ եւ վարկային միջոցներ, ապա հանրային բազմաթիվ շերտեր հնարավոր է՝ սկզբունքորեն դեմ արտահայտվեն գործընթացին՝ մինչեւ ոլորտում չիրականացվեն բարեփոխումներ:

Հանրությունն այստեղ հանդես է գալիս որպես լիիրավ սուբյեկտ, եւ բազմաշահառու խմբում չեն կարող որոշումներ ընդունվել առանց հանրության ներկայացուցիչների համաձայնության: Եթե հանրությունը գտնի, որ «Աշխատանքային ծրագրի» ընդունման կամ դրա իրականացման ընթացքում իր դիրքորոշումն անտեսվում է կամ պատշաճորեն չի կենսագործվում, ապա կարող է որոշում ընդունել դադարեցնելու իր մասնակցությունն ԱՃԹՆ գործընթացին կամ պարզապես չհաստատել «Աշխատանքային ծրագիրը»: Երկու դեպքում էլ գործընթացը կձախողվի: Այդ պարագայում կձախողվեն նաեւ ներդրումների եւ վարկային հատկացումների ակնկալիքները, որոնք կառավարությունը կարող էր ունենալ ԱՃԹՆ-ին մասնակցելով: Մի խոսքով, հանրության դիրքերն այս նախաձեռնության շրջանակում բավական ամուր են:

Եթե ոլորտում գոյություն ունի կոռուպցիա, ապա ԱՃԹՆ-ն հնարավորություն է տալիս բացահայտել եւ նվազագույնի հասցնել համանման ռիսկերը: Սակայն երկիրն ինքն է որոշում՝ ինչպես վարվել կոռուպցիոն դեպքերի բացահայտման դեպքում: ԱՃԹՆ-ն բացահայտում է կոռուպցիան, սակայն պաշտոնապես հակակոռուպցիոն նախաձեռնություն չէ: Երկիրն ազատ է նաեւ որոշել նախաձեռնության ադապտացման աստիճանն ու ձեւաչափը:   

Ջերեմի Ուեյթի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 2446
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW