Օրեր առաջ բրիտանական Crowdfunder ռեսուրսում մեկնարկել է բարեգործական դրամահավաք՝ Գյումրիում ապրող անօթեւաններին բնակարանով ապահովելու համար: Դրամահավաքի մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է նախաձեռնության կազմակերպիչ, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի եւ բարեգործական ակցիային միացած, լրագրող Արեն Մկրտչյանի հետ: Լուսանկարչական ցուցահանդեսից մինչեւ դրամահավաք1988թ. երկրաշարժը տասնյակ հազարավոր զոհերի կողքին թողեց շուրջ 530 հազ. անօթեւան. 90-ականներին տնակների կույտ հիշեցնող Գյումրիում նման պայմաններում ապրելը սովորական էր դարձել: «Երբ 2005թ. Լինսի հիմնադրամով ինձ նման շատ մարդիկ տեղափոխվեցին իրենց հին տները (մեր հին տունը վերականգնել են), հասկացանք, որ քաղաքում կան շատ ընտանիքներ, որոնք դուրսն են մնացել... տարբեր պատճառներով:2013թ., երբ ոչ պաշտոնական տվյալներով` Գյումրիում կար 4500 անօթեւան ընտանիք, որոշեցի գնալ, տեսնել՝ ինչ է կատարվում այն տեղերում, որոնք մեր աչքից հեռու են»,- պատմում է լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը: Այդպես ծնվեց «Ամոթի օր» (Day of Shame) նախագիծը. ծայրահեղ ծանր պայմաններում ապրող անօթեւանների 25 լուսանկար՝ նվիրված աղետի 25-րդ տարելիցին: Նախագիծն իրագործվեց նաեւ հաջորդ տարի. 26 լուսանկար, քննարկումներ, աղմուկ, բայց... «մարդիկ մնացին նույն տեղերում, որտեղ նստած էին»: «Մոտ 2-3 շաբաթ առաջ իմացա, որ բրիտանական կայք կա, որով հնարավոր է բարեգործական դրամահավաք կազմակերպել: Մտածեցի, որ նկարները ժամանակին բավականին լուրջ արձագանք են ունեցել, մինչեւ National Geographic հասել են,եւ ցանկության դեպքում, եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել այդ ռեսուրսը, կարող ենք հասնել կոնկրետ նպատակի»,- պատմում է Հայկ Բարսեղյանը: Ինչպես հանգանակելԴրամահավաքը մեկնարկել է հունվարի 20-ին: Նախատեսվում է, որ մինչեւ մարտի 22-ը պետք է հավաքվի 120 հազ. ֆունտ ստեռլինգ (շուրջ 85,5 մլն դրամ), ինչը կօգտագործվի 13 ընտանիքի օթեւանով ապահովելու համար: Այլ կերպ ասած, եթե 120 հազար մարդ նվիրաբերի 1 ֆունտ (մոտ 700 դրամ), անհրաժեշտ գումարը կհավաքվի: Հանգանակության համար անհրաժեշտ է անցնել այս հղումով, սեղմել աջ անկյունում գտնվող Pledge կոճակը եւ նվիրաբերել կամայական գումար: Դրանից հետո գումարը վճարային քարտի վրա սառեցվում է, ամբողջ գումարը հավաքվելու դեպքում միայն կատարվում է քարտից իրական փոխանցումը: Նախաձեռնության ձախողման դեպքում՝ հանգանակված բոլոր գումարները հետ են վերադարձվում:Քանի որ կայքում հանգանակությունը կատարվում է PayPal վճարային համակարգով, դրանից չօգտվողների համար բացվել է նաեւ առանձին հաշվեհամար (220061854463000 Հայկ Բարսեղյան, Arca: 4083100100242585 Մերի Մելիքսեթյան), որից էլ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը հավաքված գումարը կավելացվի ընդհանուրին, իսկ ձախողման դեպքում՝ կրկին հետ կվերադարաձվի հանգանակողներին: Նյութը գրելու պահին հանգանակվել է 5746 ֆունտ (շուրջ 4.1 մլն դրամ), հանգանակություն է կատարել 255 մարդ: Անձնական հաշվեհամարի վրա, ըստ Հայկի, հավաքվել է շուրջ $400-500:Նախաձեռնության հեղինակն ընդգծում է, որ նախագծի հաջողության դեպքում փաստաթղթերով մանրամասն հաշվետվություն կներկայացվի, թե ինչպես է ծախսվել գումարը: Բուրգի մեխանիզմըԴրամահավաքի գործընթացը Հայկ Բարսեղյանը պատկերացնում է բուրգի մեխանիզմով: «Բուրգի ամենաներքեւում ես եմ՝ իմ ընկերներով, ամենավերեւում System of a Down-ն է, համաշխարհային դեմքերն ու լրատվամիջոցները: Պետք է պարզապես փուլ առ փուլ բուրգի հարկերով բարձրանալ վերեւ»,- ներկայացնում է Հայկը՝ հույս հայտնելով, որ այս տեմպերով շարունակելու դեպքում արդեն փետրվարի 14-15-ին կարող են հասնել բուրգի գագաթին: Փետրվարի 4-ին Գյումրիի անօթեւանության խնդրի շուրջ 30-րոպեանոց հաղորդում էր պատրաստել Al-Jazeera հեռուստաալիքը՝ ուղիղ կապ հաստատելով Հայաստանի հետ։ Դա, ըստ Հայկի, նախադրյալներ է ստեղծում նախաձեռնությանն այլ հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձի համար:«Եթե ամեն ինչ գրագետ անենք, կներգրավվեն նաեւ այն մարդիկ, որոնք հայաստանցի չեն, սփյուռքահայ չեն, այլ լրիվ օտար մարդիկ են: Այդ դեպքում գումարն այդքան մեծ չի թվում, որքան որ հիմա»,- ոգեւորությամբ նշում է Հայկ Բարսեղյանը:13 ընտանիքՆախաձեռնության հեղինակն ասում է, որ ընտանիքների հստակ ընտրություն առայժմ չի կատարվել: Նախատեսվում է բնակարանով ապահովել 13 ընտանիքի:«Կարծում եմ, որ ընդհանուր քննարկում պետք է լինի, նրանք, ովքեր ներգրավված են նախաձեռնությունում, բոլորով նստենք, քննարկենք. այդպես ավելի ճիշտ կլինի»,- ասում է Հայկը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում անգամ այցեր կկատարվեն՝ տեղում ընտանիքիների վիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար: Նախատեսվում է, որ $10-12 հազ-ով (6,8-8,2 հազ. ֆունտ) հնարավոր կլինի գնել մեկսենյականոց բնակարան, ինչը բավարար կլինի հիմնականում 3 հոգուց բաղկացած ընտանիքների համար: «Ընտանիքները, որոնք նկարել ենք, մեկ-երկուսն են, որ շատ երեխաներ ունեն. հիմնականում երկու երեխա են ու մեկ ծնող: Ինձ թվում է՝ մեկսենյականոցը բավական է: Բայց, նորից եմ կրկնում, գումարը երբ հավաքվի, ընդհանուր կորոշենք, հիմա կենտրոնացած ենք գումարը հավաքելու վրա»,- ընդգծում է լուսանկարիչը: Նրա խոսքով՝ այսօր Գյումրիում կան մարդիկ, որոնք պատրաստ են վարկով բնակարան գնել՝ ամսական 30-40 հազ. դրամ վճարելով, մինչդեռ դրա համար կա 2 խոչընդոտ. չունեն մայր գումար եւ աշխատավայրից տեղեկանք, քանի որ գումարը վաստակում են արտագնա աշխատանքի միջոցով: Ըստ Հայկի՝ սկզբում քննարկվել է անօթեւաների համար առանձին շենք կառուցելու տարբերակը, սակայն հաշվարկները ցույց են տվել, որ դա ավելի ծախսատար կլինի (մոտ $18 700`մեկ բնակարանի համար): Նախագիծը դարձել է բոլորինսԹեեւ ամեն ինչ սկսվեց Facebook-ից, սակայն չսահմանափակվեց անձնական էջերով տարածելով: Հայկի խոսքով՝ այսօր «պրոյեկտը դարձել է բոլորինս», կա ձեւավորված թիմ, որտեղ յուրաքանչյուրն իր գործն է անում:«Ամոթի օր» նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, բանակցություններ են տարվում խոշոր կազմակերպությունների եւ համաշխարհային հայտնի դեմքերի հետ:«Ես եւ ընկերներս բազմաթիվ խոշոր ընկերությունների եւ պետական կառույցների նամակ ենք գրել, մի մասն արդեն բացասական պատասխան են տվել, մյուս մասը պատասխան չեն տվել, մի մասն էլ ասել են՝ եկեք քննարկենք»,- պատմում է Հայկ Բարսեղյանը՝ հավելելով, որ պետական կառույցներից առայժմ արձագանքել է Գյումրիի քաղաքապետարանը՝ խոստանալով օգտագործել իր բոլոր լծակները՝ նախաձեռնության հաջողությունն ապահովելու համար: Բացի այդ, նախաձեռնությանը միացել են տարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հավելյալ բարեգործական ակցիաներ են կազմակերպում՝ գումարը համալրելու համար: Նմանատիպ նախաձեռնություններից թերեւս ամենախոշորը կլինի փետրվարի 25-ին կայանալիք բարեգործական աճուրդը:«Մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ մարզիկների, լրագրողների, հայտնի մարդկանց ենք դիմել՝ առաջարկելով ինչ-որ խորհրդանշական իրեր նվիրաբերել աճուրդի համար»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է նախաձեռնության կազմակերպիչներից Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ որոշ լոտեր արդեն հավաքվել են: Բացի այդ, Հյուսիսային պողոտայում նախատեսվում է փետրվարի 28-ին անցկացնել դրամահավաք: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 89417