Երեւանցիների միայն 4%-ն է առցանց գնումներ կատարում ՀՀ խանութներից

17.12.2015 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /

2015թ. հունիս ամսվա դրությամբ Երեւանի բնակչության ընդամենը 4,2%-ն է գնումներ կատարել հայաստանյան առցանց խանութներից կամ հարթակներից:

Այդ մասին են վկայում 2015թ. մայիսի 20-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում «Արինսայթս» (R-Insights) հետազոտական ընկերության իրականացրած մարքեթինգային հետազոտության արդյունքները, որի նպատակն էր պարզել Երեւանի բնակչության շրջանում առցանց գնումների իրականացման տարածվածությունը եւ գնվող ապրանքատեսակների կատեգորիաները:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նշված հարթակներից ամենահաճախ պատվիրված ապրանքային կատեգորիան սնունդն է. առցանց սնունդ պատվիրել է Երեւանի բնակչության 2,2%-ը: Զարդեր/աքսեսուարներ եւ հուշանվերներ առցանց գնել է Երեւանի բնակչության, համապատասխանաբար, 1,3%-ը եւ 1%-ը: 1%-ից պակասն էլ գնել է հագուստ, կենցաղային պարագաներ եւ այլն (տես՛ Գծապատկերներ 1 եւ 2 ):

Գծապատկեր 1. «Ասացեք, խնդրեմ, անձամբ Դուք վերջին 1 տարվա ընթացքում կատարե՞լ եք օնլայն գնումներ հայաստանյան օնլայն խանութներից/հարթակներից» հարցի պատասխանները.



Գծապատկեր 2. «Ասացեք, խնդրեմ, վերջին 1 տարվա ընթացքում ի՞նչ ապրանքատեսակներ եք օնլայն գնել հայաստանյան օնլայն խանութներից/հարթակներից» հարցի պատասխանները.



Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հայաստանյան հարթակներից առցանց գնումներ կատարողների շրջանում գերակշռում են կանայք (56%), 20-30 տարիքային խմբի ներկայացուցիչները (64%), բարձրագույն կրթություն (84%) եւ զբաղվածություն ունեցողները (72%):

Աղյուսակ 1.  Հայաստանյան առցանց խանութներից գնումներ կատարողների բաշխումը՝ ըստ սոցիալ-ժողովրդագրական առանցքային չափանիշների.



Հարկ է նշել, որ,հայաստանյան հարթակներից առցանց գնումներ կատարողների փոքր թվով (4.2%) պայմանավորված՝ վերջիններիս բաշխումն ըստ սոցիալ-ժողովրդագրական առանցքային չափանիշների վիճակագրորեն նշանակալի եւ ներկայացուցչական չէ: Նշված տվյալները ներկայացված են ընդհանուր միտումների ուրվագծման նպատակով:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Երեւանի բնակչության շրջանում արտասահմանյան առցանց խանութներից/հարթակներից գնումներ կատարելն առավել տարածված է. 2015թ. հունիսի դրությամբ վերջին 1 տարվա ընթացքում արտասահմանյան առցանց խանութներից օգտվել է Երեւանի բնակչության 14.2%-ը: Արտասահմանյան խանութներից ամենահաճախը գնվում են զարդեր եւ աքսեսուարներ (6.8%), հագուստ (6.2%) եւ կենցաղային տեխնիկա, կահույք (4.2%) (տես Գծապատկերներ 3 եւ 4):

Գծապատկեր 3. «Ասացեք, խնդրեմ, անձամբ Դուք վերջին 1 տարվա ընթացքում կատարե՞լ եք օնլայն գնումներ արտասահմանյան օնլայն խանութներից/հարթակներից» հարցի պատասխանները.



Գծապատկեր 4. «Ասացեք, խնդրեմ, վերջին 1 տարվա ընթացքում ի՞նչ ապրանքատեսակներ եք օնլայն գնել արտասահմանյան օնլայն խանութներից/հարթակներից» հարցի պատասխանները.



Այս դեպքում նույնպես՝ գնումներ կատարողների շրջանում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները (55.3%), 20-30 տարեկանները (57.6%), բարձրագույն կրթություն (87.1%) եւ զբաղվածություն ունեցողները (64%) (տես Աղյուսակ 2):

Աղյուսակ 2.  Արտասահմանյան առցանց խանութներից գնումներ կատարողների բաշխումն ըստ սոցիալ-ժողովրդագրական առանցքային չափանիշների.



Նշենք նաեւ, որ հետազոտության թիրախային խումբը Երեւանի 20-55 տարեկան բնակիչներն էին, որոնք հետազոտության պահին առնվազն 1 տարի ժամանակահատվածում բնակվել են Երեւան քաղաքում եւ որոնց տնային տնտեսություներում մեկ շնչին բաժին ընկնող ամսական եկամուտը գերազանցում է 40 000 դրամը: Ընտրանքի ծավալը (հարցվածների թիվը) 600 էր, հարցվողներն ընտրվել էին բազմաստիճան կլաստերային պատահական ընտրանքի մեթոդով: Ընտրանքի սխալը կազմում է 4%:

Դավիթ Ալավերդյան

Դիտում՝ 57058
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW