Հոկտեմբերի 1-ից 2-ը Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Եվրոպական Միության (ԵՄ) հետ համատեղ նախաձեռնել էր առեւտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս: Կոնֆերանսի նպատակն էր Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկվածության մակարդակի եւ առեւտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավումը: Երկօրյա միջոցառման ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մի շարք փորձագետներ ներկայացրեցին ՓՄՁ-ների կողմից ներմուծման/արտահանման համար առեւտրի ֆինանսավորման ներգրավման առավելությունները: Անցկացվեցին թեմատիկ քննարկումներ, պրեզենտացիաներ, ինչպես նաեւ ներկայացվեցին Հայաստանում ՎԶԵԲ-ի Առեւտրի Խթանման Ծրագրի (ԱԽԾ) գործընկեր բանկերի կողմից իրականացված առեւտրի ֆինանսավորման գործարքների հաջողված դեպքեր: ՎԶԵԲ-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի Ազգային Ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը ներկայացրեց «Նոու Հաու. Խորհրդատվությունից մինչեւ ֆինանսավորման ներգրավում» թեմայով զեկույց, որը Բանկի ՓՄՁ-ներին արտաքին խորհրդատվության խթանման Նոու Հաու տեղեկատվական արշավի մաս է կազմում: Ծրագրի ղեկավարի ելույթին հաջորդեց «Աջակցություն ՓՄՁ-ներին Նոու Հաու-ի միջոցով» թեմատիկ քննարկում, որի ընթացքում մասնակիցները անդրադարձան այն հնարավորություններին ու մարտահրավերներին, որոնց հանդիպում են տեղական գործարարները Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ներգրավման գործընթացում:Իր ելույթում Տիգրան Աղաբեկյանը ընդգծեց դոնորների հետ ռազմավարական գործընկերության հաստատման կարեւորությունը եւ նշեց, որ Հայաստանում ֆինանսավորման ներգրավումը փոքր եւ միջին բիզնեսի լրջագույն մարտահրավերներից մեկն է: «Փոքր Բիզնեսի Աջակցության Խումբ (ՓԲԱ) ծրագիրը իր հաճախորդներին օգնում է կապ հաստատել ֆինանսավորման ամենանպատակահարմար աղբյուրների հետ. լինի դա ՎԶԵԲ-ը, մեր գործընկեր ինստիտուտներից որեւէ մեկը կամ՝ այլ ներդրող: Մենք նաեւ իրականացնում ենք հետ-ներդրումային աջակցություն՝ օգնելով հաճախորդին իրագործել նպատակները, կայացնել կապիտալի տնօրինմանն ուղղված հիմնավորված որոշումներ, բարելավել կորպորատիվ կառավարումը եւ վերահսկել աճը», - նշեց Աղաբեկյանը: Հայաստանում ՎԶԵԲ-ը աջակցում է ՓՄՁ-ներին ստանալ բիզնես խորհրդատվություն եւ ոլորտին բնորոշ մասնագիտական փորձ 2003 թվականից: Ավելի քան 5.3 մլն եվրո կազմող դրամաշնորհային միջոցներով Հայաստանում արդեն իրականացվել են ավելի քան 900 խորհրդատվական նախագծեր եւ շուկայի զարգացման ծրագրեր:ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 65 երկրների եւ երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության զարգացմանը: ՎԶԵԲ-ի գործունեությանը կարելի է հետեւել կայքի, Ֆեյսբուքյան էջի եւ թվիթերի միջոցով: Tweet Դիտում՝ 5422