ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետեւողականորեն շարունակելու է: Մարկ Հորթոնը գոհունակություն է հայտնել ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված եռամյա նոր ծրագրի առաջին փուլի կատարողականի վերաբերյալ եւ ընդգծել, որ նախանշված աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, առանց որեւէ խոչընդոտի: Անդրադառնալով ՀՀ տնտեսության զարգացման միտումներին՝ Մարկ Հորթոնն առանձնացրել է հատկապես ավիացիայի եւ գյուղատնտեսության բնագավառներում արձանագրվող հաջողությունները: Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու եւ նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Tweet Դիտում՝ 1527