UNIDO-ն մեկնարկել է արտահանման մրցունակության բարձրացման ծրագիրը

23.09.2014 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մեկնարկել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)  «Հայաստանում արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագրի մեկնարկին նվիրված շնորհանդեսը կայացել է այսօր:

Երկամյա ծրագրի նպատակն է մեծացնել տեքստիլի եւ հագուստի արտադրության տեղական ձեռնարկությունների մասնաբաժինը ներքին շուկայում, նպաստել տարածաշրջանային, միջազգային շուկաներում Հայաստանի արդյունավետ ինտեգրմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության` UNIDO-ի արդյունաբերական զարգացման հիմնադրամի կատարած ներդրումներից:

«ՀՀ կառավարությունն իր առջեւ նպատակ է դրել համաշխարհային ժամանակակից եւ տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի համար առաջատար դիրքեր ապահովել, վերականգնել մեր դիրքերն իրացման շուկաներում, ինչի համար բավարար ներուժ կա: Հույս  ունենք, որ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` UNIDO-ի աջակցությունն իր գործուն դերը կունենա այս հարցում»,- շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա վստահություն է հայտնել, որ մեկնարկող ծրագիրը հնարավորություն կտա ոլորտում ներդնել արտադրության եւ կառավարման նոր մշակույթ` կանոնավոր կերպով ապահովելով շարունակական ծավալուն պատվերներ եւ արտադրանքի բարձր որակ:

Ծրագիրն օգնելու է ՓՄՁ-ներին զարգացնելու եւ արդիականացնելու իրենց կարողությունները` որակյալ եւ բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արդիականացնել նորաձեւության եւ մոդելավորման ոլորտի տեխնիկական ներուժը, համագործակցություն ստեղծել արտադրողների եւ դիզայներների միջեւ:  

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը կարեւորել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործունեությունը` այն համարելով խթան պետության տնտեսական զարգացման եւ այլ երկրների հետ համագործակցության համար, եւ նշել, որ  «Հայաստանում իրականացվող ծրագիրը նոր ազդակ կլինի ոլորտում մրցակցության բարձրացման, ինչպես նաեւ վաճառքի եւ տնտեսական նոր կապերի զարգացման համար` ինչպես Ռուսաստանի Դաշնության, Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ միջազգային ընկերությունների հետ»:

UNIDO-ի ծրագրերի զարգացման եւ տեխնիկական համագործակցության տնօրենության բիզնեսի, ներդրումների եւ տեխնոլոգիական ծառայությունների բաժանմունքի տնօրեն Մուհամմեդ Լամին Դհաոուն նշել է, որ «ծրագրի ընթացքում շեշտադրվելու է ազգային տեքստիլ արտադրողների միջեւ մրցունակության բարձրացումը, ինչը հնարավորություն է ստեղծելու կոլեկտիվ արտահանման համար»:

Նշենք, որ ծրագրի հայաստանյան համակարգողը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, գործընկերը` Հայկական զարգացման գործակալությունը:

Դիտում՝ 2391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW