Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 20 հազ. տոննա պանիր, իսկ արտահանման ծավալները կազմում են 1500 տոննա, այսօր հայտարարել է Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը` հավելելով, որ Հայաստանն ունի պանրի ընդամենը 5%-ի դեֆիցիտ, որը լրացվում է ներկրմամբ: Նրա խոսքով, ոլորտի հիմնական խնդիրը ոչ թե հենց պանրի արտադրությունն է, այլ հումքի, մասնավորապես, կաթի արտադրության ծավալները, որոնք տարեկան կտրվածքով անկանխատեսելի են՝ սեզոնային կախվածության եւ տեխնիկական ոչ բավարար որակի պատճառով: «Առաջնային խնդիրներից է կաթի արտադրության կարգավորումը: Պետք է առանձնացնել անասնապահ գյուղացուն ֆերմերից՝ վերջինիս տալով կարգավիճակ»,- նշել է Արմեն Գիգոյանը: Անդրադառնալով ներքին շուկայում գնային տատանումներին՝ նա նշել է, որ հուլիս եւ օգոստոս ամիսներին գրանցված չոր եղանակի պատճառով նկատվել է կաթի ծավալի որոշակի նվազում, եւ չի բացառվում, որ այս եւ մի քանի այլ գործոնների ազդեցությամբ պանրի շուկայում թանկացում նկատվի: Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա Արմեն Գիգոյանը տեղեկացրել է, որ Հայաստանից տարեկան 1500 տոննա պանիր է արտահանվում ռուսաստանյան շուկա: «ՌԴ շուկայում ծավալվելու եւ ամրապնդվելու համար հարկավոր է առնվազն 5000 տոննա պանիր արտահանել: Բայց այս պահի դրությամբ, եթե անցնենք 2000 տոննայի շեմը, կունենանք ներքին դեֆիցիտի խնդիր»,- նշել է Արմեն Գիգոյանը՝ հավելելով, որ, հնարավոր է, այդ դեպքում Ուկրաինան, որը Հայաստանի հետ ազատ առեւտրի պայմանագիր ունի, սկսի պանիր ներկրել ավելի ցածր գնով: «Կստացվի, որ մենք արտահանում եւ, միեւնույն ժամանակ, ներմուծում ենք պանիր, ինչն այնքան էլ տրամաբանական չէ: Եթե արտահանենք, ապա ոչ թե ներմուծման, այլ արտադրության ծավալների ավելացման հաշվին»,- նշել է Արմեն Գիգոյանը՝ կոչ անելով պանրի արտահանմամբ զբաղվող գործարարներին զգուշություն ցուցաբերել անգամ գրավիչ առաջարկների դեպքում: Tweet Դիտում՝ 3912