Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 37 000 տոննա խաղող` 2000 տոննայով գերազանցելով իր իսկ կողմից նախորդ տարի արձանագրած մթերման աննախադեպ բարձր ցուցանիշը:Սեպտեմբերի 5-ին մթերումը մեկնարկել է Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), վաղը կմեկնարկի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) եւ 15-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 140 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար համապատասխանաբար` անցյալ տարվա 145 եւ 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո 3-4 բանկային օրվա ընթացքում: Ավելացնենք, որ այս տարի Երեւանի կոնյակի գործարանը կշարունակի անցյալ տարի մեկնարկած երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների բերքի մթերումը: Այս տարի ընկերության կողմից 7-ամյա պայմանագրային ծրագրի շրջանակներում մթերվող խաղողի ծավալը կկազմի ընկերության մթերման ընդհանուր ծավալի մոտ 40%-ը: Հաշվի առնելով խաղողի մթերման հետզհետե աճող միտումները` ընկերությունը ձեռնամուխ է եղել հզորությունների ընդլայնման ծրագրին: Այսպես, ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղում շուտով կավարտվեն թորման նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նոր արտադրամասը եւս հագեցած կլինի շարանտական տիպի 3 թորման սարքերով: Tweet Դիտում՝ 3613