Երեւան: Մեդիամաքս: «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով մինչեւ սեպտեմբերի 15-ը կներկայացվի առաջարկների նոր փաթեթ:Այս մասին այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի բողոքի ցույց անցկացնող աշխատակիցներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա տեղեկացրել է, որ «Ռոսնեֆտ» ընկերությունից ոչ մի առաջարկություն չի ստացվել, եւ պետք չէ հույսեր կապել միայն այդ ընկերության հետ: Երվանդ Զախարյանը խոստացել է, որ առաջիկա օրերին կվճարվի նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձը:«Նաիրիտ» գործարանը չի վճարել իր աշխատակիցների 18 ամսվա աշխատավարձը:Ս.թ. փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ Սոչիում հանդիպելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «Ռոսնեֆտ»-ը նախատեսում է Հայաստանում ներդնել շուրջ 500 մլն դոլար:«Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների եւ իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի կարճ ժամկետում դրանք իրականություն դառնան: Ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին` նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել էր Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 5448