ՀՄԶ-ում ՀՀ թերություններն ու առավելությունները
03.09.2014 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://source.net-way.org/

2014-2015թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում (ՀՄԶ) Հայաստանի մրցունակության ուշագրավ առավելությունների շարքում է նոր բիզնես սկսելու անհրաժեշտ գործընթացների քանակն ու դրա համար նախատեսվող ժամկետը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր, «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:
Նրա փոխանցմամբ, որպես առավելություն զեկույցում նշվում է նաեւ Հայաստանում ներդրողների իրավական պաշտպանվածության մակարդակը, ԶԻԱՀ-ի տարածվածությունը չափահաս բնակչության տոկոսային հարաբերակցության մեջ, ինչպես նաեւ հանցագործության հետ կապված ծախսերը գործարարության համար:
Ըստ առանձին ցուցիչների, զգալի բարելավում կա տեղական մրցակցության ուժգնության, բջջային կապի հասանելիության, ինտերնետից օգտվողների թվի եւ դպրոցներում ինտերնետի հասանելիության մակարդակներում:
Ուշագրավ թերությունների շարքում զեկույցում առանձնացված է նավահանգստային ենթակառուցվածքների որակը, ՀՆԱ-ի մեջ արտահանման մասնաբաժինը, արտաքին շուկայի չափի համաթիվը, երկրի կարողություն ձեռք բերելն ու տաղանդների պահպանումը, ինչպես նաեւ կառավարության կողմից առաջատար տեխնոլոգիական ապրանքների ձեռքբերումը:
Առանձին ցուցիչներով վատթարացում կա գնաճի, ֆինանսական միջոցների հասանելիության, օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով տեխնոլոգիաների փոխանցման, քլաստերային զարգացման եւ իրավական դաշտի սանդղակներում:
2014-2015 թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում (ՀՄԶ) Հայաստանը 6 կետով զիջել է իր դիրքը` 144 երկրի շարքում զբաղեցնելով 85-րդ տեղը: Նախորդ տարվա ՀՄԶ զեկույցում Հայաստանը 148 երկրի շարքում զբաղեցնում էր 79-րդ տեղը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: