Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Երեւանում այսօր տեղի է ունեցել “Հայաստանի ձեռնարկատիրության եւ տնտեսության մրցունակությունը թեմայով բաց քննարկում: Ինչպես նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաշվի առնելով արժեզրկման ցածր մակարդակով ուղեկցվող տնտեսական աննախադեպ աճը, Հայաստանը մրցունակության տեսանկյունից այսօր նոր մարտակոչերի առջեւ է կանգնած: Առաջնայինը, նրա խոսքերով, ստվերային տնտեսությունն է, որն ազատ մրցակցության համակարգի կազմավորման խոչընդոտ է հանդիսանում եւ հայրենական ձեռնարկատերերի համար անհավասար պայմաններ ստեղծում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ստվերային տնտեսությունը խնդիրներ է ստեղծում նաեւ հանրապետության արդյունավետ քաղաքականության համար, թույլ չի տալիս գնահատել տնտեսության ուժեղ եւ թույլ կողմերը: Տնտեսության զարգացմանը խոչընդոտող երեւույթներից Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ դոլարիզացման բարձր մակարդակը: Նրա խոսքերով, տնտեսության բացասական երեւույթների դեմ պայքարի համար անհրաժեշտ են պետության ճիշտ քաղաքականությունը, ձեռնարկատերերի բարի կամքը եւ հասարակության համակարգված ջանքերը: Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի /AEPLAC/ տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր հերթին կարծիք է հայտնել, որ վարչական մեթոդներով “հիվանդության” դեմ պայքարելով` կարելի է այն խորացնել: Նրա խոսքերով, նախքան ստվերային տնտեսության դեմ պայքարելը, անհրաժեշտ է որոշել` այն պատճա՞ռ է, թե հետեւանք: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9489