Գեոթիմը ընկերությունը տեսանյութ է ներկայացրել Ամուլսարի հարակից համայնքներում կատարված սոցիալական ծրագրերի մասին Համայնքների հետ ընկերության համագործակցությունը սկսվել է դեռեւս որոնողահետախուզական աշխատանքների վաղ շրջանից: «Թեպետ Ամուլսարի հանքավայրը դեռ գործող հանքավայր չէ, եւ ընկերությունը չունի եկամուտ, մենք ներդրումներ ենք իրականացրել ենթակառուցվածքներում եւ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում՝ կայուն զարգացմանը եւ կենսապայմանների բարելավմանը նպաստելու նպատակով», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:Որոնողահետախուզական աշխատանքները սկսելուց ի վեր ընկերությունը իրականացրել է մի շարք ծրագրեր Գորայքում, Գնդեվազում, Սարավանում, ինչպես նաեւ Ջերմուկում: Մինչեւ 2013թ. ավելի քան 455 մլն դրամ է ներդրվել սոցիալական զարգացման ծրագրերում: 2014թ. նախատեսված է ներդնել լրացուցիչ 165 մլն դրամ:Բացի այդ, ընկերությունը հողերի վարձակալության վճար է վճարում շրջակա համայնքներին: Անցյալ տարի ընկերությունը վճարել է շուրջ 200 մլն դրամ, իսկ 2014թ. այդ գումարը կկազմի մոտ 445 մլն դրամ:«Այդուհանդերձ, համայնքների համար շոշափելի արդյունքներ ի հայտ կգան հանքավայրի շինարարության մեկնարկից սկսած: Մոտ 18 ամիս տեւողությամբ շինարարական աշխատանքների ընթացքում կներդրվի մի քանի հարյուր միլիոն դոլար, կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր, տեղական միջին եւ փոքր ձեռնարկությունները կստանան պատվերների լայն հնարավորություն: Այս ամենը նաեւ հանքի շահագործման մոտ 10 տարիների ընթացքում զգալի տնտեսական օգուտներ կբերի տարածաշրջանին եւ երկրին: Ամուլսարի ծրագիրը առաջինը Հայաստանում կներդնի ժամանակակից, բնապահպանական տեսանկյունից լավագույնս կառավարելի կույտային տարալվացման տեխնոլոգիան, որը չունի պոչամբար եւ արտադրական արտահոսք բնական միջավայր: Մենք վստահ ենք, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության էությունը առաջին հերթին մեր հիմնական գործառույթների պատասխանատու իրականացումն է՝ արդար գործատու լինելը, հավասար հնարավորություններ ընձեռելը, թափանցիկ աշխատելաոճը եւ պատասխանատու բնապահպանական կառավարումը: Ամուլսարի նախագիծը հենց այդպիսի ծրագիր է լինելու», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2856