«Գեոթիմ»-ը բնապահպանական միջոցառումներ է իրականացնում Ամուլսարում

20.06.2014 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամուլսարի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներից բացի, «Գեոթիմ» ընկերությունը շարունակում է բնապահպանական եւ սոցիալական ծրագրեր իրականացնել հանքավայրի եւ ազդակիր համայնքների շրջանում:

Սարավան համայնքում է գտնվում «Գեոթիմ» ընկերության տնկարաններից մեկը, որտեղ աճեցվող ծառատեսակները տնկվելու են, իսկ որոշներն արդեն իսկ տնկվել են Ամուլսարի հանքի ազդակիր համայնքներում: «Գեոթիմ» ընկերության բնապահպանական եւ սոցիալական հարցերով ղեկավար Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ, տնկարանների ընդհանուր թիվը 3-ն է, որտեղ աճեցվում է 40-ից ավել ծառատեսակ` ռեաբիլիտացիոն աշխատանքներում օգտագործվելու նպատակով:

Ընկերության բնապահպանական փորձագետ Սերգեյ Արեւշատյանը նշում է, որ տնկիների ընտրությունը պայմանավորված է Ամուլսարի եւ տարածաշրջանի բնաշխարհը բնութագրող տեսակներով, որոնք դիմացկուն են բարձրլեռնային գոտու համար:

«Ծառերից մի քանի հազարն արդեն տեղափոխվել ենք ու տնկվել համայնքներում: Դրանց մի մասը կօգտագործվի նաեւ կույտային տարալվացման հարթակի տեսանելիության ծածկման նպատակով»,- ասել է Սերգեյ Արեւշատյանն ու նշել, որ սերմնացուն հավաքում են տեղում, իսկ աճեցման ընթացում զերծ մնում քիմիական պարարտանյութերի օգտագործումից: Փորձագետի խոսքով, տնկարանների առկայությունը բնապահպանությունից բացի նաեւ սոցիալական նշանակություն ունի. «Դրանք լուծում են համայնքի բնակիչների` հատկապես կանանց զբաղվածության հարցը», իսկ տնկարանի աշխատակցուհին փաստում, որ արդեն երկրորդ տարին է ապահովված է աշխատանքով. «Սա օրավարձով վարձատրվող աշխատանքն է, որի շնորհիվ արդեն երկու տարի է մենք հոգում են կենցաղային մի շարք ծախսեր: Սարավանում աշխատատեղեր չկան, հատկապես կանաց համար սա լրացուցիչ եկամուտ ստանալու լավ աղբյուր է»,- ասում է նա:

«Ինչպես հայտնի է, Ամուլսարի տարածքում ծառեր չեն աճում, այս ծառատեսակներն օգտագործվելու են այլ տարածքներում` ռեկուլտիվացիայի նպատակով: «Գեոթիմ» ընկերությունը 2008-ից սկսած մեծ աշխատանքներ է տանում ելակետային բնապահպանական եւ սոցիալական տվյալներ հավաքագրելու, շահագործման հետ կապված ռիսկերը բացահայտելու եւ նվազեցնելու ուղղությամբ, ինչի համար այս տարիների ընթացում ներդրել ենք 5 մլն ԱՄՆ դոլարից ավել գումար` աշխատանքներում ներգրավելով տեղական եւ միջազգային լավագույն մասնագետ-խորհրդատուների»,- ասել է Արմեն Ստեփանյանը: Նա նշել է, որ կատարված ուսումնասիրության արդյունքներն ամփոփ կերպով հանրությանը կներկայացվեն սեպտեմբեր ամսին: Բնապահպանական եւ սոցիալական գնահատականի, ռեաբիլիտացիոն աշխատանքների համար 2014-ին ընկերությունը նախատեսում է ծախսել շուրջ 1,5 մլն դոլար:

Ամուլսարի տարածքում «Գեոթիմ»-ի մայր ընկերության` «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի պատվերով իրականացվում է նաեւ ուսումնասիրություն թռչնաշխարհի պահպանության վերաբերյալ:

«Արդեն երկրորդ անգամ է` աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի թռչունների պահպանման միությունը` գնահատելով, թե հանքի շահագործումն ինչ ազդեցություն կարող ունենալ է տեղի թռչնաշխարհի վրա»,- ասել է միության անդամ Լյուբա Բալյանը:

Այս տարի թռչնաբանների ուշադրության կենտրոնում մեկ տեսակ է`միջազգային կարմիր գրքում գրանցված գիշանգղը: Լյուբա Բալյանի փոխանցմամբ, մայիսին` բնադրման շրջանից սկսած, մեկնարկել է մոնիտորինգը, որը կշարունակվի մինչ հուլիսի կեսը: Տարածքում աշխատող հայ եւ օտարերկրացի մասնագետները փորձում են հասկանալ` հատկապես ո՞ր տարածքներն է օգտագործում թռչունը, արդյո՞ք օգտագործելու է այն տարածքը, որը շահագործվելու է հանքի օգտագործման ժամանակ:

«Կարծում եմ, հուլիս ամսվա կեսին որոշակի կարծիք կտանք ընկերությանը»,- ասել է թռչնաբանն ու նշել, որ նախորդ տարվա ուսումնասիրության արդյունքներն ընկերությունը հաշվի է առել, ու նաեւ հավելում, որ Հայաստանում առաջին անգամ է հանդիպում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ընկերության, որը նման միջոցներ ու ժամանակ է տրամադրում` թռչնաշխարհի վրա ազդեցությունը պարզելու նպատակով:

Մասնագիտությամբ կենսաբան Փիթեր Ադրեանսը Հայաստան է եկել Բելգիայից: Ասում է` արդեն երկրորդ անգամ է Ամուլսարում:

«Փորձում ենք ուսումնասիրության ընթացքում գնահատել Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ազդեցությունը թռչնաշխարհի վրա, պարզել, թե որտեղ են նրանք բնադրվում եւ որքանով է հնարավոր բնադրումն այն տարածքում, որը կարող է ազդել նրանց կենսակերպի վրա: Նախնական տվյալներով պարզել ենք, որ սա այն դեպքը չէ, երբ ազդեցությունը կարող է զգալի լինել»,- նշում է Փիթեր Ադրեանսը:

Ամուլսարի տարածքում «Գեոթիմ»-ը մեկնարկել է նաեւ վերականգնման եւ ռեկուլտիվացիայի աշխատանքները: Ընկերության բնապահպանական եւ սոցիալական ծրագրերի գծով ղեկավարի փոխանցմամբ, այս կերպ փորձում են նախկին կամ օգտագործելի տեսքի բերել այն տարածքները, որոնք արդեն չեն օգտագործվում ընկերության կողմից:

Հողի պահպանությունն, օրինակ, կատարվում է մի քանի փուլով: Հետախուզական աշխատանքների նպատակով բացված ճանապարհների հողի էրոզիան կանխելու նպատակով «Գեոթիմ»-ն օգտագործում է աշխարհում լայն տարածում ունեցող մեթոդը` գաբիոններով ամրակապումը: Նախքան քարակապումը ընտրված քարերի նմուշներն ուղարկում են արտերկիր` լաբարատոր փորձաքննության, որի ընթացքում պարզվում է քարի` թթու արտադրելու աստիճանը, ապա ընտրված տեսակով կատարվում է գաբիոնապատումը:

Իսկ կանաչապատ տարածքներում նախ վերականգնվում են հողի շերտերը, որից հետո ցանվում են տվյալ տարածքից նախապես հավաքված սերմերը:

«Մենք աշխատում ենք միջազգային բնապահպանական եւ ժամանակակից հանքաարդյունաբերության չափանիշներով` հետեւելով նաեւ հայաստանյան օրենսդրության պահանջներին, անելով հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանքի շահագործման նախնական, ընթացիկ եւ վերջնական փուլերում կարողանանք տարածքը բերել նախկին կամ օգտագործելի վիճակին»,- եզրափակել է Արմեն Ստեփանյանը:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 2052
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW