Այսօր Երեւանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որին այս տարի բիզնեսի արդյունավետության բարձրացման համար իրենց տեխնոլոգիական լուծումներն են ներկայացրել 51 տեղական եւ 13 արտասահմանյան ընկերություններ:ԴիջիԹեք ֆորումը կաջակցի բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումներ, իսկ ՏՏ ընկերություններին հնարավորություն կընձեռի մեկ տեղում հանդիպելու եւ ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր բացման խոսքում կարեւորել է ավանդական դարձած բիզնես ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում: Նրա խոսքով, ՏՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մեր երկիրը մոտ ապագայում կարող է դառնալ այս ոլորտում տարածաշրջանի առաջատար: «Նման միջոցառումները կարեւոր են ոչ միայն ծանոթանալու բիզնեսում ՏՏ պոտենցիալի կիրառման հնարավորություններին, այլեւ լավ միջոց են նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հավաստիացնելով, որ նոր կառավարությունն ամեն կերպ կաջակցի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը:Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերությունները հպարտ են համագործակցել ոլորտի հայկական ընկերությունների հետ: «Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար հարկավոր է երկու բան. առաջինը`հայերի նորարարական եւ ստեղծագործ պոտենցիալի օգտագործումն է տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում, իսկ երկրորդը` ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը: Սա իրականություն դարձնելու համար ԱՄՆ դեսպանատունը եւ USAID-ն աշխատում են տարբեր հաստատությունների հետ` փորձելով զարգացնել այդ գիտակցումը»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը` հավելելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը կհանգեցնի նաեւ մյուս ոլորտների զարգացմանը: Նշենք, որ երկօրյա միջոցառումը բաղկացած է ցուցահանդեսային հատվածից, գործարար ներկայացումներից եւ սեմինարներից, նիստերից: Ֆորումի շրջանակում կկայանան նաեւ հայ-հոլանդական եւ հայ-ռուսական բիզնես ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հոլանդական, ռուսական եւ հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները: Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ): Գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշը): Հովանավորներն են Կոնվերս բանկը եւ ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը: Tweet Դիտում՝ 2237