Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) գործունեության արդյունքները ներկայացնող ճանաչողական այցի շրջանակում հայ եւ արտասահմանցի լրագրողներն այսօր այցելել են Արարատբանկի միջոցով Երեւան քաղաքում ֆինանսավորված երեք ընկերություններ: EFSE-ի նպատակը Հարավային Եվրոպայի եւ Եվրոպական հարեւանության արեւելյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելն է: Մեր երկրում հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր եւ միջին ձեռնարկություններին, տնային տնտեսություններին՝ հայաստանյան 5 բանկերի միջոցով: Հայաստանում հիմնադրամը գործունեություն է ծավալում 2010 թ-ից: «Սնեկարմ» ՍՊԸ (սնեկերի արտադրություն) «Բիզնեսը սկսեցինք 2005 թ-ին սնեկերի վաճառքից, իսկ 2010 թ-ին բացեցինք սեփական արտադրություն: 2012 թ-ին նոր հոսքագիծ գործարկեցինք` ավելացնելով արտադրվող ապրանքատեսակները: Ավելի ուշ մեր ընկերությանը միացրեցինք նաեւ եգիպտացորենի ձողիկներ արտադրող մրցակից ընկերությունը: Փորձում ենք անընդհատ նոր արտադրատեսակներ հորինել եւ մեր ծրագրերն իրականացնելու համար ակտիվորեն օգտվում ենք վարկերից: Շուտով կսկսենք նաեւ պանրասնեկերների արտադրությունը»,- տեղեկացրել է ընկերության համահիմնադիր Լեւոն Մարտիրոսյանը: «Էրզրում» ռեստորան «2004-ին ունեի ոչ մեծ հողատարածք, որի վրա փոքր բիստրո կառուցեցի: Աստիճանաբար զարգացնելով բիզնեսը` բիստրոն վերածեցի միջոցառումների սրահի»,- նշել է «Էրզրում» ռեստորանի սեփականատեր Ռաֆիկ Վարդանյանը` հավելելով, որ հետագայում նախատեսում է ավարտին հասցնել նաեւ երկրորդ հարկի կառուցումը եւ նորոգել այն` մեծացնելով նաեւ սրահները: «Վահան Խաչատրյան եւ ընկերներ» (հացի արտադրություն)«Հայրս հացի արտադրամասի բիզնեսով սկսել է զբաղվել 2000 թ-ից: Մի քանի տարի առաջ Արարատբանկից $23 հազ. վարկ ստացանք` նպատակ ունենալով փոխարինել հին էլեկտրական վառարանները, որը հնարավորություն կտար էապես կրճատել էլեկտրաէներգիայի ծախսն ու բարելավել արտադրվող հացի որակը: Այսօր ընկերությունում աշխատում է 11 հացթուխ եւ 4 առաքիչ»,- նշել է ընկերության սեփականատեր եւ ղեկավար Արմեն Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 1834