ՀՀ կառավարությունը նախատեսում է հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը նվազեցնել` 3,5%-ից դարձնելով 1%:Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության լրատվական ծառայություն, այս մասին այսօր ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով, «դրա արդյունքում 39 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կնվազի շրջանառության հարկը, չնայած պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով»:Նիստի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում ընտանեկան բիզնես կարգավիճակ ներդնելու ծրագրերի մասին, որի արդյունքում տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից: Կառավարության մեկ այլ քայլով նախատեսվում է ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ: Մասնավորապես` մինչ 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսվում է պատասխանատվությունը տարանջատել. սուբյեկտի նկատմամբ նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո 20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5% շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ 4-րդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Ծրագրվում է նաեւ 2015 թ-ից հանել նախազգուշացման, իսկ 2016թ.-ից՝ տուգանքի ինստիտուտը: Այսինքն, 2016 թ. հունվարի մեկից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, հարկը կվճարի ավելի բարձր՝ 5% դրույքաչափով: Երկրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ դաշտում: Միաժամանակ, ներմուծվելու է «օրինապահ հարկատու» համակարգը, որի արդյունքում ՓՄՁ-ն կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ: Ուժեղացվելու են նաեւ խոշոր բիզնեսի նկատմամբ գործողությունները՝ փաստաթղթաշրջանառության ապահովման ուղղությամբ: Նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների միջեւ ձեւավորել միասնական խորհուրդ, որն արագորեն կարձագանքի հնարավոր սուբյեկտիվ դրսեւորումներին՝ առկա խնդիրները կարգավորելու համար: Հանդիպմանը ներկա ՓՄՁ եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում:«Տնտեսությունը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի հանդեպ լինենք ուշադիր եւ զարգանալու հնարավորություն տանք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը` հանձնարելով հնչեցված առաջարկությունները քննարկել եւ օրենսդրական լուծումները ներկայացնել Ազգային ժողով: Tweet Դիտում՝ 2915