2014-ի առաջին եռամսյակում 0.6%-ով նվազել են բանկային համակարգի ընդհանուր ակտիվները` եռամսյակի վերջին կազմելով 2 տրլն 926.2 մլրդ դրամ, ընդ որում` ակտիվների աճ արձանագրվել է 15, իսկ նվազում` 7 բանկում:Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած՝ 2014-ի առաջին եռամսյակի վերաբերյալ «ԿԲ բանբեր» հաշվետվության մեջ: Հրապարակման համաձայն, 2014-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվների կազմում հիմնականում աճել են տնտեսությանը տրամադրված վարկերը` ներառյալ լիզինգը եւ ֆակտորինգը` 1.7%-ով կամ 29.9 մլրդ դրամով, իսկ թղթակցային հաշիվներն ու ԿԲ նկատմամբ այլ պահանջները նվազել են 15.2%-ով կամ 70.4 մլրդ դրամով:Մարտի 31-ի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը` լիզինգը եւ ֆակտորինգը, կազմել է 1 տրլն 757.1 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց եւ բանկերի հետ կապված անձանց ու աշխատակիցներին տրամադրված վարկերի ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 4.6%-ով եւ 6.3%-ով` կազմելով 668.1 մլրդ եւ 73.3 մլրդ դրամ: Լիզինգի եւ ֆակտորինգի ընդհանուր ծավալն աճել է 3.7%-ով` եռամսյակի ավարտին կազմելով 19 մլրդ դրամ:Ըստ արժութային կառուցվածքի` 0.5%-ով ավելացել են դրամային եւ 2.4%-ով` արտարժույթային վարկերը` եռամսյակի ավարտին կազմելով, համապատասխանաբար, 635.2 մլրդ դրամ եւ 1 տրլն 121.9 մլրդ դրամ: Արդյունքում արտարժույթային վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում աճել է 0,4%-ային կետով` կազմելով 63.8%:Հաշվետու ժամանակում համեմատաբար բարձր աճի տեմպ է գրանցվել ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, գյուղատնտեսության եւ սպառողական վարկային ներդրումներում՝ համապատասխանաբար, 19.3%, 10.7% եւ 7.1%:Ըստ ռեզիդենտներին տրամադրված վարկային ներդրումնհերի կառուցվածքի, եռամսյակի ընթացքում աճել են սպառողական եւ ֆինանսական գործունեության վարկային ներդրումների տեսակարար կշիռները` 0.7 եւ 0.8%-ով, նվազում է նկատվել առեւտրի եւ մշակող արդյունաբերության վարկային ներդրումների տեսակարար կշռում, համապատասխանաբար` 0.9 եւ 0.7%-ով: Վարկային ներդրումներում մեծ տեսակարար կշիռ ունեն սպառողական, առեւտրի եւ մշակող արդյունաբերության ճյուղերին տրամադրած վարկերը` 21.4%, 19% եւ 9.7%: Վարկային ներդրումների ռիսկայնության դասերի առումով չաշխատող վարկերի եւ դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1.3%-ով` կազմելով 5.6%:Առեւտրային բանկերի իրացվելիության նորմատիվային ցուցանիշը եռամսյակի ընթացքում աճել է 0.5%-ով, իսկ ընթացիկ իրացվելիության նորմատիվայի ցուցանիշը` 3.3%-ով` կազմելով, համապատասխանաբար, 29.6% եւ 145.6%: Tweet Դիտում՝ 1818