Վրաստանի տնտեսական բարեփոխումների հարցերով պետնախարար Կախա Բենդուկիձեն հայտարարել է, որ հաշվեհամար բացելիս հաճախորդների գրանցման գործընթացի դյուրացումը թույլ կտա վրացական բանկերին լրացուցիչ միջոցներ ներգրավել` մոտավորապես $200 միլիոնի չափով: Նրա խոսքերով, այն դրական ազդեցություն կունենա Վրաստանի տնտեսության զարգացման վրա եւ կնվազեցնի վարկերի տոկոսադրույքները: Բենդուկիձեն ասել է, որ “պետք չէ վախենալ Վրաստանում ֆինանսական գործունեության դյուրացման օրինագծի վերաբերյալ Արժույթի Միջազգային Հիմնադրամի /ԱՄՀ/ բացասական գնահատականից”: Նա հիշեցրել է, որ ԱՄՀ-ն դեմ էր նաեւ 2004 թվականի հարկային բարեփոխումներին: “Չգիտեմ, թե բարեփոխումների վերաբերյալ ի՞նչ փաստաթուղթ է ներկայացվել ԱՄՀ-ին: Փաստաթղթում չկա այնպիսի մի դրույթ, որը կարող է վատ ազդեցություն ունենալ Վրաստանի համար: Այս փոփոխությունները շատ կարեւոր են, քանի որ կարող են Վրաստանի բանկային սեկտորին լրացուցիչ միջոցներ բերել”, - նշել է Կախա Բենդուկիձեն: Պետնախարարը համոզված է, որ ԱՄՀ ներկայացուցիչները կարդացել են ոչ թե ամբողջ օրինագիծը, այլ դրա առանձին դրույթները: Նրա խոսքերով, օրինագիծը խթանում է բանկային համակարգի թափանցիկությունը եւ խիստ միջոցներ է նախատեսում փողերի լվացման դեմ պայքարելու համար: Tweet Դիտում՝ 8631