Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որի համաձայն 2014-ին ՀՆԱ իրական աճի 5,8% կանխատեսման սցենարը լավատեսական Է համարվում:Այս տարվա առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը աճել է 3,3 %-ով, որին դրական են նպաստել գյուղատնտեսությունը (1,5 տոկոսային կետ), ծառայությունները (1,5), առևտուրը (0,9), շինարարությունը (0,1), բացասական՝ արդյունաբերությունը (-0,7 տոկոսային կետ):Նախարարի խոսքով, կառավարությունը գտնում է, որ 2014 թվականին մասնավոր ծախսումների եւ ՀՆԱ ճեղքը կշարունակի մնալ բացասական եւ, հետեւաբար, ԿԲ-ն պետք է ցուցաբերի առավել բարձր ճկունություն` տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ:Ներկայացված եզրակացության մեջ անդրադարձ է եղել նաեւ տնտեսական աճի եւ գնաճի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությանը, որը ԿԲ կողմից գնահատվում է 1,5 % խթանող, մինչդեռ ֆինանսների նախարարության գնահատականով 2014-ին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական աճի վրա կունենա 0-0,5% խթանող ազդեցություն: Հետեւաբար, կառավարությունը գտնում է, որ հարկաբյուջետային քաղաքականության 2014 թվականի ազդեցությունը` որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի եւ գնաճի վրա ազդող նշանակալի գործոն, պետք է բացառել եւ կանխատեսվող հորիզոնում լրացուցիչ ճշգրտումներ իրականացնել դրամավարկային պայմանների թուլացման մասով:«Դրամավարկային պայմանների թուլացման համար նախատեսվող գործիքների` պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի եւ ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի թույլ ազդեցությունը շուկայական տոկոսադրույքի վրա (մասնավորապես` պայմանավորված փոխարժեքի արժեզրկման սպասումներով, ինչպես նաև դոլարայնացման բարձր մակարդակով) կպահանջեն դրամավարկային քաղաքականության հնարավորինս ընդլայնող նպատակադրում»,- նշված է եզրակացության մեջ:Կառավարության եզրակացության համաձայն, ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի եւ հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում ՀՀ ԿԲ կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացումներին համահունչ եւ հնարավորինս ընդլայնող:ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր հերթին առաջարկել է Կենտրոնական բանկի քաղաքականության ծրագրում ավելացնել 2014 թվականի արդյունաբերության եւ շինարարության աճի ցուցանիշները: Նրա խոսքով, կառավարության կանխատեսումներով, այդ երկու ոլորտի աճը տատանվելու է 6,3-7,8%՝ մոտենալով ավանդական միջին ցուցանիշին: Նախարարը նկատել է, որ հոռետեսական կանխատեսումներով, տնտեսական աճը կկազմի 4,2-4,3%, իսկ լավատեսական՝ 7,2%: Tweet Դիտում՝ 1850