Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը հույս է հայտնել, որ ընկերությունը հնարավորություն կունենա «գերժամանակակից բնապահպանական կառավարմամբ Ամուլսարում օրինակելի հանք շահագործելու հնարավորությունն իրականություն դարձնել»: Այդ մասին նա ասել է Մեդիամաքսի հետ հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով:Հովարդ Սթիվենսոնն ասել է, որ ընկերությունը նախորդ տարի ստիպված եղավ տեղափոխել կույտային տարալվացման հարթակի (Heap Leach Facility) տեղադիրքը, քանի որ ՀՀ կառավարության կայացրած որոշումը սահմանափակում էր դրա կառուցման հնարավորությունը նախապես ընտրված վայրում: «Կարող ենք վերահաստատել մեր այն համոզմունքը, որ կույտային տարալվացման հարթակի նախկին տեղադիրքը նույնքան անվտանգ էր, որքան նորը: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ կառավարությունը հարկ է համարել արձագանքել որոշ մարդկանց մտահոգություններին: Այսպիսով` Սևանի ազդեցության գոտին ընդլայնվեց, եւ մենք ստիպված եղանք տեղափոխել ենթակառուցվածքները: Հիմա այն ամբողջովին դուրս է Սեւանի որեւէ գոտուց, ներառյալ՝ ոչ անմիջական ազդեցության գոտին: Այնուամենայնիվ, ցանկանում եմ շեշտել, որ Լիդիանն ու Գեոթիմն արդեն ավելի քան 4 միլիոն դոլար են ծախսել, որպեսզի լավագույն միջազգային խորհրդատվական ընկերությունները գնահատեն բոլոր ռիսկերը եւ դրանց կառավարման բոլոր միջոցառումները ներառեն նախագծում», - ասել է Lydian International-ի նախագահը:Նա նշել է, որ ժամանակակից կույտային տարալվացման հարթակներն անվտանգ են գործում շատ ավելի դժվար կառավարելի միջավայրերում. «դրանք այնպես են նախագծված, որպեսզի գործունեության ընթացքում ազդեցություն չթողնեն շրջակա միջավայրի վրա` զգալի արտահոսքի ցանկացած հավանականությունը հասցնելով զրոյի»: «Այսպես է կույտային տարալվացումը նախագծվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում: Լիդիանը Հայաստանում առաջինը կներդնի այս ժամանակակից տեխնոլոգիան, որը պոչամբարների առկայություն չի ենթադրում», - ընդգծել է Հովարդ Սթիվենսոն: Tweet Դիտում՝ 1941