Մայիսի 13-ի Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի նիստում որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ային կետով՝ սահմանելով այն 7.25%:ԿԲ-ում նշել են, որ 2014 թ. ապրիլին արձանագրվել է 0.5% գնաճ` նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.4%: ԿԲ խորհրդի կարծիքով, առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կնվազի եւ, հատկապես, երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:Խորհուրդն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում դեռեւս պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության եւ գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:ԿԲ խորհրդի գնահատականով, 2014 թ. անցած ժամանակահատվածում շարունակվել են տնտեսական ցածր աճի միտումները, որոնք հիմնականում պայմանավորված են եղել շինարարության ճյուղի վերականգնման դանդաղ տեմպերով եւ արդյունաբերության ճյուղի ներկա զարգացումներով. «Չնայած մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը եւ 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը, այնուամենայնիվ, դա բավարար չէ՝ չեզոքացնելու 12-ամսյա գնաճի՝ իր նպատակային մակարդակից առաջացած շեղումը: Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ արդյունքում միջնաժամկետ հատվածում նպաստավոր պայմաններ ստեղծելով տնտեսության աշխուժացման եւ նպատակային գնաճի ձեռքբերման համար»,-ասված է ԿԲ տարածած հայտարարության մեջ:Խորհուրդը համակարծիք է, որ արտաքին եւ ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում` ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում: Tweet Դիտում՝ 1487