Ս.թ. սեպտեմբերի 1-ից 6-ը Չինաստանի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում կկայանա «Չինաստան-Եվրասիա» միջազգային էքսպոն, որին այս տարի կմասնակցի նաեւ Հայաստանը: Չինաստանի կառավարության աջակցությամբ արդեն չորրորդ տարին կազմակերպվող միջազգային էքսպոն Չինաստանի եւ Եվրասիայի տարբեր երկրների միջեւ տնտեսական, առեւտրի, ներդրումների, մշակույթի, գիտության եւ տեխնիկայի, ֆինանսների եւ հումանիտար գիտությունների ոլորտներում համագործակցության խոշոր հարթակ է: Էքսպոյին ամեն տարի մասնակցում են տարբեր երկրների պաշտոնյաներ, միջազգային կորպորացիաների տնօրեններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:Այդ նպատակով ճանաչողական այցով Երեւան է ժամանել Սինձյանի արտադրական կորպորացիայի պատվիրակությունը, որը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով Երեւանում բանակցություններ է վարել ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի, Էկոնոմիկայի նախարարության եւ Զարգացման հայկական գործակալության հետ:«Մեր այստեղ գտնվելու նպատակը Չինաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդումն է: Հայաստանն ունի հրաշալի աշխարհագրական առավելություններ, եւ կարեւոր տարածաշրջան է համարվում արդեն հարյուրամյակներ շարունակ: Այս պահին շատ փոքր է Չինաստանի եւ Հայաստանի միջեւ գործարարների մակարդակով համագործակցությունը: Այդ պատճառով Չինաստան վերադառնալուն պես մենք ճանաչողական միջոցառումների միջոցով չինացի գործարարներին կպատմենք Հայաստանի ներուժի, առավելությունների մասին: Դա կնպաստի, որ Չինաստանի բիզնես շրջանակներում մեծանա հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է Սինձյանի արտադրական կորպորացիայի քաղաքական կոմիսարի փոխանորդ Սյու Վեյհուան:Նա նշել է, որ Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի հետ համագործակցության ամրապնդման նպատակով Չինաստանի կառավարությունը 2011 թ.-ից Սինձյանում սկսել է անցկացնել Չինաստան-Եվրասիա միջազգային էքսպոն, որին մասնակցում են բազմաթիվ երկրների բիզնեսմեններ: «Սա հիանալի հնարավորություն է Չինաստանի եւ այլ երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համար»,- եզրափակել է Սյու Վեյհուան: «Սինձյանի արտադրական կորպորացիան բավական խոշոր է: Այս նահանգում զարգացած է վերամշակումը եւ հատկապես արտադրությունը: Կարեւոր եմ համարում նահանգի պատվիրակության այցը Երեւան: Նշեմ, որ ստեղծվել է Հայաստանի եւ Չինաստանի Սինցզյան նահանգի միջեւ տնտեսական հանձնաժողով, որը կզբաղվի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմամբ», - իր հերթին տեղեկացրել է Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։ Tweet Դիտում՝ 3886