Մայիսի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովը: Շվեյցարիա-ԱՊՀ առեւտրի միացյալ պալատի կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն էր վեր հանել առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները ՀՀ-ում` խթանելով գործընկերային կապերի հաստատումը եւ ամրապնդումը երկու երկրների մեջ:Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) կողմից համաժողովում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության, զբոսաշրջության խթանման եւ ավիացիայի ոլորտի ազատականացման գործողությունները, ինչպես նաեւ այս բնագավառներում երկկողմ համագործակցության խորացման, ներդրումների եւ նոր ավիափոխադրողների ներգրավման կարեւորությունը: Ինչպես նշել են ՀԱՄՀ-ի հանրային կապերի գրասենյակում, վերջինս հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքների առավել լայն եւ բովանդակային իրացման եւ ներդրումային գրավչության բարձրացման համար` միեւնույն ժամանակ որակապես նոր մակարդակի բերելով Հայաստանի կապակցվածությունը միջազգային շուկաների հետ:Հաշվի առնելով Շվեյցարիայի՝ զբոսաշրջության արդյունքի զարգացման տեսանկյունից համաշխարհային առաջատար լինելու հանգամանքը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը աջակցել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների Հայաստան եւ Արցախ կատարած այցին: Մասնավորապես, այցի ընթացքում շվեյցարացի պատգամավորներին ներկայացվել է ՀԱՄՀ կողմից իրականացվող միջոցառումները, Տաթեւ զբոսաշրջային գոտին եւ պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ծնված Տաթեւ զբոսաշրջային գոտու զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվող սոցիալական պատասխանատու ձեռնարկատիրության ձեւաչափը: Tweet Դիտում՝ 3155