Երեւանում այսօր ներկայացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության Հարկային բարեփոխումներ ծրագրի կատարած «Հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները:Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին եւ այլ պաշտոնյաներ:ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի ղեկավար Յանուշ Շիրմերը նշել է, որ հետազոտության հիմնական նպատակն էր պարզել, թե ինչ պատկերացում ունեն հարկ վճարողները հարկային քաղաքականության վերաբերյալ, եւ կարծիք հայտնել, որ «տարածաշրջանի այլ երկրների համեմատ հետազոտության արդյունքները բավական լավն են»:Հետազոտությունն անցկացվել է 1448 տնային տնտեսություններում եւ 400 հարկ վճարող կազմակերպություններում: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ հետազոտության արդյունքները հիմք կդառնան նոր հարկային օրենսգրքի համար` կարեւորելով հարկերի վճարման գործառույթի դյուրացումն ու հարկման արդարության սկզբունքների հստակեցումը: «Մենք կարեւորում ենք, որ հարկ վճարողը զգա իր կողմից վճարված հարկի հաշվին կատարվող ծախսերի արդյունավետությունը, որն ընկալելու ենք առաջիկա տարիների ծախսային գերակայություններից մեկը: Համոզված ենք, որ հետազոտության մեջ առկա բոլոր ուղղություններն իրենց տեղն են գտնելու հարակային մարմնի կայունությունը հաստատող փաստաթղթում եւ առաջիկայում մշակվող հարկային օրենսգրքում»,- ասել է նա:ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը նշել է, որ նպատակ են ունեցել ստեղծել բիզնեսի հետ խորհրդակցելու նոր մեխանիզմ, եւ որ հետազոտությունը թույլ է տալիս հստակ պատկերացում կազմել ոլորտի վերաբերյալ:«Հարկային համակարգի արդիականացման մարտահրավերը դեռ պահպանվում է Հայաստանում, վերջին տարիներին մի շարք դրական փոփոխություններ են եղել, սակայն դեռ շատ անելիքներ կան»,- նկատել է ՀԲ Երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:Հետազոտության համաձայն, բիզնես ոլորտի հարցված 400 ներկայացուցիչները ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին հարկային օրենսդրության եւ վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումների ազդեցությունը բիզնես միջավայրի վրա գնահատել են հետեւյալ կերպ. 15%-ը` շատ բացասական, 23%-ը` բացասական, 34%-ն առանձնապես ազդեցություն չի տեսել, 21%-ը` դրական, 1%-ը` շատ դրական, իսկ 6%-ը պատասխանել է, որ տեղյակ չէ: Tweet Դիտում՝ 2166