Ռուսաստանյան գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «մենք ստեղծել ենք «Վարդանյան, Բրոյտման եւ գործընկերներ» փոքրիկ գրասենյակը, որը մատուցում է պորտֆելային ընկերությունների բաժնետոմսերի, ուղղակի ու վենչուրային ներդրումերի հիմնադրամների կառավարման, advisory ծառայություններ»: Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում:«Մեր կառավարման ներքո է գտնվում նաեւ անշարժ գույքի հիմնադրամ: Մենք զբաղվելու ենք հաճախորդների խորհրդատվությամբ, նրանց հետ կիսելու ենք մեր գիտելիքն ու փորձը, միաժամանակ, լինելով նախագծերի համաներդրողներ: Ընդգրկվելու ենք տարբեր ծրագրերում իմ սեփական կապիտալով, ինչպես նաեւ մեր հաճախորդների եւ գործընկերների գումարներով»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: «Այժմ մեր ընկերությունում կան երկու գործընկերներ` ես եւ Միխայիլ Բրոյտմանը` «Տրոյկա»-ի նախկին գործադիր տնօրենը: Մենք միասին աշխատում ենք արդեն 20 տարի, նա մասնակցել է այնպիսի խոշորագույն գործարքների, ինչպիսիք են «Ռոսգոսստրախը», «ԱվտոՎԱԶ»-ը, «Կամազը» եւ այլն: Մնացածն աշխատակիցներ են, բայց մենք կարծում ենք, որ ինչ-որ փուլում նրանք նույնպես կարող են դառնալ համասեփականատերեր: Միաժամանակ, պետք է նշել, որ ես չեմ ցանկանում հիմնել երկրորդ «Տրոյկան»: Եթե զուգահեռներ անցկացնենք, ապա դա ավելի շուտ նման կլինի Rothschild բանկին, ինչպիսին այն եղել է հարյուր-երկու հարյուր տարի առաջ»,- նկատել է Ռուբեն Վարդանյանը: «Եթե դիտարկենք Rothschild բանկի մոդելը, որը զբաղվում էր M&A եւ advisory գործարքներով, եւ մի կողմ թողնենք բանկային հատուկ գործառնությունները, ապա այդ բիզնեսը հիմնված էր սերտ շփումների եւ փոխադարձ վստահության վրա: Այդ ժամանակ Եվրոպան միասնական չէր, ինչպես եւ այսօր է, եւ անվստահության մակարդակը եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչների միջեւ շատ բարձր էր: Ռոտշիլդը Եվրոպայում ճանաչում էր բոլորին` սկսած գործարարներից մինչեւ ֆինանսների նախարարներ ու վարչապետներ, եւ կարող էր գործարքների մեջ մտնել բազմաթիվ տարբեր մարդկանց հետ: Դրանով նա, ամեն ինչից բացի, նպաստում էր Եվրոպայի մասնատված երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Ռուսաստանում Rothschild-ի մոդելը նույնպես ունի բոլոր իրավունքները կյանքի կոչվելու համար: Մենք ապրում ենք անցումային ժամանակաշրջանում, երբ շատ գործընթացներ դեռեւս ավարտված չեն, թեեւ մեր երկրում փոփոխությունների մեկնարկից անցել է արդեն ավելի քան 20 տարի: Հասարակության տարբեր խմբերի, գործարարների եւ ներդրողների միջեւ անվստահության մակարդակն առաջվա պես շատ բարձր է: Իմ մրցակցային մեծ առավելությունն այն է, որ ես ճանաչում եմ շատերին, եւ շատերը ճանաչում են ինձ` որպես բանկիրի, եւ վստահում են ինձ մասնագիտական ու մարդկային տեսանկյունից: Հավանաբար, այդպիսի մոդելում ես ավելի շատ ուժեղ կողմեր ունեմ, քան որեւէ մեկը մեր երկրում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 11268