ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զբաղվում է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքներով:Նախագահն այս մասին ասել է Կենտրոնական բանկում (ԿԲ) կայացած խորհրդակցության ժամանակ` կարծիք հայտնելով, որ կառավարություն եւ Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ վնասները կարող են էապես մեղմվել:Սերժ Սարգսյանի խոսքով, «պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության եւ մարման ժամանակացույցերը մի փոքր ավելի բարենպաստ եւ մեղմ դարձնելու հարցին»: «Անցյալ տարի մենք կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին տեղական արժույթով: Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ, իհարկե` շարունակելով տոկոսադրույքների սուբսիդավորումը, որի համար միջոցներ նախատեսվել էին»,- ընդգծել է նախագահը:Նա անդրադարձել է նաեւ այն տպավորություններին, թե բանկերի եւ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալը կամ հնարավորինս փող աշխատելն է. «Տուժած տնտեսությունների դեպքերը թեեւ մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն, բայց մյուս կողմից լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերն ու ֆինանսական համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ»,- ասել է նա:Սերժ Սարգսյանը ԿԲ-ում կոչ է արել հնարավորինս ակտիվ լինել գյուղացիների հետ շփումներում, կատարել խորը ուսումնասիրություն եւ ամբողջական օժանդակություն ցուցաբերել նրանց: Tweet Դիտում՝ 1857