Հայաստանի հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով, ասվում է այսօր հրապարակված Օմբուդսմենի զեկույցում: «Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյունքում, այդ անձինք անօրինական առավելություններ են ստացել միեւնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ», - ասված է զեկույցում:«ՊԵԿ-ը գործարարների նկատմամբ կայացրել է չափազանց մեծ քանակի՝ 5712 հարկային արգելանքի որոշումներ՝ առանց սպառելու սահմանափակման այլ միջոցները, ինչպես օրինակ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր: Ընդ որում, գործարարների գույքի եւ ամբողջ դրամական միջոցների վրա դրված արգելանքը զգալիորեն գերազանցել է հարկային պարտքի չափը: Արդյունքում գործարարները տեւական ժամանակով զրկվել են թե իրենց բանկային հաշիվները, թե գույքը տնօրինելու հնարավորությունից», - նշված է փաստաթղթում:Զեկույցում նաեւ ասված է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կիրառվող «անձ» հասկացության ոչ հստակ մեկնաբանության արդյունքում գործարարները ստիպված են եղել վճարել թե´ ԱԱՀ-ի գումարները եւ թե´ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով: «Նշվածի հետեւանքով գործարարները կրել են լուրջ ֆինանսական վնասներ, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ», - նշված է զեկույցում:Փաստաթղթում միաժամանակ ասվում է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված «անձ» եզրույթի օրենսդրական հստակեցման նպատակով մշակվել եւ ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության է ներկայացվել մի շարք նախագծերի փաթեթ: Tweet Դիտում՝ 1711