«Այսօր ուղեւորափոխադրողները հայտնվել են անելանելի վիճակում: 30-ից ավելի երթուղի չի սպասարկվում: Շատերի մոտ սկսվել է սնանկացման գործընթաց»,- այսօր հայտարարել է Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:Իր հերթին միության փոխնախագահ Հարություն Առաքելյանը ահազանգել է ոլորտում օրեցօր խորացող անկման մասին:«Այսօրվա տրանսպորտային միջոցների որակը գնալով վատթարանում է՝ ֆինանսական ոչ բավարար պայմանների պատճառով: Սա հանգեցնելու է նրան, որ գալու է այն օրը, երբ Երեւանում տրանսպորտ չի աշխատելու: Կապ չունի, թե որքան նոր է տրանսպորտային միջոցը, այն պետք է կարողանալ պահել»,- նշել է Հարություն Առաքելյանը: Նրա կարծիքով, նման քաղաքականության նպատակը ուղեւորափոխադրում իրականացնող 55 կազմակերպությունների ոչնչացումն է եւ մեկ միասնական օպերատորի մուտքը ոլորտ: Հարություն Առաքելյանը համոզված է, որ մեկ օպերատորի դեպքում ոլորտում ունենալու ենք նույն օլիգարխիկ մոտեցումը, ինչի ականատեսն ենք մնացած ոլորտներում: Ոլորտի ներկայացուցիչների խոսքերով, ուղեւորափոխադրում իրականացնող 5 կազմակերպություն ընդհանրապես չեն գործում, 7-ը դատական գործընթացների մեջ են, չսպասարկող ընկերությունների քանակն էլ 23-ն է: Ըստ բանախոսների, վերջիններիս չաշխատելը վատ է անդրադառնում սպասարկող կազմակերպությունների վրա, քանի որ չեն ցանկանում գերբեռնված աշխատել: «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Արշակյանը նշել է, որ ստիպված է եղել հրաժարվել նախկինում իր կողմից շահագործված երեք երթուղիներից երկուսի սպասարկումից: «Իմ ընկերությունում 2007-ից սկսած աշխատել է 50 մարդ, այսօր աշխատատեղերի թիվը 25-ն է: Այս քաղաքականության հետեւանքով ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ դառնալու են գործազուրկ»,- ահազանգել է ուղեւորափոխադրող ընկերության տնօրենը: Tweet Դիտում՝ 1989