«Հայաստանը կարող է դիտարկվել որպես կամուրջ՝ եվրոպական երկրներից դեպի ՄՄ երկրներ առեւտրաշրջանառության համար»,- այսօր «Արեւելյան ներդրումներ» ծրագրի շրջանակում կազմակերպված ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում իրականացվող ներդրումների քանակը 2008-ի ճգնաժամից հետո վերականգնվում է: «Դեռ չենք վերականգնել նախաճգնաժամային տեմպերը, բայց 2013թ. ընթացքում ԵՄ երկրներից Հայաստան ընդհանուր ներդումների ծավալը գերազանցել է $2.5 մլրդ-ը»,- հայտարարել է Տիգրան Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելու որոշումը եվրոպական ներդրողների համար նոր հնարավորություններ կբացի: Համաժողովի ընթացքում ԵՄ եւ Հայաստանի համապատասխան փորձագետների կողմից տեղացի եւ արտասահմանյան գործարարներին ներկայացվել է Հայաստանի ներդրումային եւ գործարար մթնոլորտը, ազատ տնտեսական գոտու հնարավորությունները, արդյունաբերական գերակա ճյուղերը, նոր ներդրումային հնարավորությունները: Համաժողովի ընթացքում քննարկվել են հայկական ավելի քան 2 տասնյակ ընկերությունների ներկայացրած համագործակցության ծրագրերը:«Յուրաքանչյուր ներդրող, գալով Հայաստան, այստեղ փնտրում է մեծ շուկա, ուստի Հայաստանը պետք է հնարավորություն տա եվրոպական երկրներին մեր երկրի միջոցով մուտք գործել 120 միլիոնանոց ՄՄ շուկա»,- ասել է Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:Համաժողովը կազմակերպվել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Եվրոպալատի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել եվրոպական եւ հայկական ձեռնարկությունների, ինչպես նաեւ գործարարությանն աջակցող կազմակերպությունների միջեւ համագործակցությունը: Tweet Դիտում՝ 1689