ՀՀ հարկադիր մարմինները կունենան ԵվրԱզԷս-ի դատարանի որոշումը կատարելու իրավասություն

21.02.2014 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանն այսօր ասել է, որ Մաքսային միությանն  (ՄՄ) անդամացելով` Հայաստանում կգործեն մրցակցության  միասնական սկզբունքները:

ՄՄ անդամակցության մրցակցային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Պավել Ղալթախչյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն մոտ երկու շաբաթից կավարտի «ճանապարհային քարտեզով» իրեն լիազորված աշխատանքները, որոնք հիմնականում կապված էին վերոնշյալ համաձայնագրի հետ:

Նրա փոխանցմամբ, մրցակցության միասնական սկզբունքների կանոնների համաձայնագրով կձեւավորվի կողմերի միասնական մրցակցային քաղաքականությունը` ապահովելով  միասնական մաքսային տարածքում ՄՄ անդամ պետությունների ազատ տնտեսական գործունեությունը, ապրանքների, ծառայությունների եւ ազատ կապիտալի տեղաշարժը:

«Համաձայնագրով սահմանված կանոնները կապահովեն կողմերի տարածքում հակամրցակցային գործունեության բացահայտումն ու կանխումը: Այն թույլ է տալիս կողմերին իրենց օրենսդրությամբ սահմանել լրացուցիչ պահանջներ, որով պայմանավորված ՏՄՊՊՀ-ն իր հերթին նախատեսում է մի շարք փոփոխություններ ՀՀ օրենսդրության մեջ»,- ասել է Պավել Ղալթախչյանը:

Նա  նշել է, որ մրցակցային օրենսդրության նորմերը կկիրառվեն հավասարության սկզբունքով` տարածվելով սուբյեկտի վրա անկախ դրա գրանցման վայրից. «Անդրսահմանային շուկաներում հակամրցակցային գործունեության համար նախատեսված են տուգանքներ, որոնք կփոխանցվեն ոչ թե ՄՄ ընդհանուր, այլ այն երկրի բյուջե, որտեղ գրանցված է տվյալ սուբյեկտը»:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչն ասել է, որ մրցակցության միասնական կանոնների պահպանման հսկողությունը կիրականացվի ՄՄ հանձնաժողովի կողմից: Կողմերի միջեւ հակամրցակցության վերաբերյալ ծագած վեճերը լուծելու է Եվրասիական հանձնաժողովը, որի հետ համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն դիմել ԵվրԱզԷս-ի դատարան, որի որոշումները պարտադիր են կատարման:

Պավել Ղալթախչյանը նշել է, որ նախատեսվում է ՀՀ հարկադիր մարմիններին տալ ԵվրԱզԷս-ի դատարանի որոշումը կատարելու իրավասություն:

Խոսելով մրցակցության մասին ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների մասին` Պավել Ղալթախչյանը նշել է, որ դրանք առանձնապես շատ չեն լինելու, եւ հավելել, որ անկախ Միությանն անդամակցելուց՝ ՏՄՊՊՀ-ն ԱԺ է  ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն հակամրցակցային գործունեության համար տուգանք է սահմանվում ոչ միայն տնտեսվարող սուբյեկտի, այլեւ համայնքային եւ պետական պաշտոնատար անձանց համար:

Դիտում՝ 2241
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW