Գործատուները կարող են կրկնակի պատասխանատվության ենթարկվել, ասել է Դ. Սարգսյանը

19.02.2014 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունն այսօր տարածել է նախարար Դավիթ Սարգսյանի հարց ու պատասխանը կուտակային վճարները մինչեւ փետրվարի 20-ը գանձելու պարտավորության եւ այդ մասին նախարարության ու ՊԵԿ-ի երեկ տարածած հայտարարության մասին հարցին:
 
- Եթե դուք ծանոթացել եք ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաեւ մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն եւ գործում են: Կոնկրետ այդ հոդվածը  սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրությամբ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները եւ արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից:

Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հակառակ պարագայում հետեւյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները եւ չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ  գործատուն պահել է աշխատակցից գումար, եւ, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային  արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության:

Մի կողմից աշխատակիցներն են կարող համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսները, կորցրած եկամուտները ստանալու մասին: Մյուս կողմից՝ պետությունը նույնպես լծակներ ունի, եւ այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարներն արդեն  պահվել են, եւ  գործատուն, չնայած  պահել է, չի վճարել դրանք աշխատակցի հաշվին, ապա համապատասխան պատասխանատվության միջոց կա օրենքում: Եվ այդ  պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո նշված գումարները ոչ թե մուտք են լինում պետական բյուջե, այլ կոնկրետ աշխատակիցների հաշիվներին, որովհետեւ դա իրենց կորցրած գումարներն են:

-Պարոն նախարար, Սահմանադրական դատարանն ազատել է պատասխանատվությունից վճարումներ չկատարելու դեպքում, մինչեւ մարտի 28-ը որոշումը…եթե ազատված են այդ պատասխանատվությունից, ինչո՞վ եք պարտավորեցնում:

- Ես չեմ մեկնաբանում: Չեմ  ուզում  եւ իրավունք էլ չունեմ մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջեւ, ինչի մասին նաեւ դուք եք խոսում, բայց կա հետեւյալ հարցը. եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը եւ պահել է իր հաշվին, իրավունք ու՞նի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ: Եվ արդյո՞ք կրում է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջեւ: Պատասխանն այստեղ միանշանակ  է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, եւ պետությունը, նաեւ որպես աշխատողների իրավունքները պաշտպանող,  հետեւողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, եւ իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները:

Դիտում՝ 2286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW