Ժամանակակից տնտեսական հարաբերություններում, որտեղ փողը հանդիսանում է փոխանակության միջոց, իսկ գործարքները առանձնացված են տարածությամբ եւ ժամանակով, վստահությունը հանդիսանում է տնտեսական ակտիվության շարժիչը: «Փաստացիորեն յուրաքանչյուր առեւտրային գործարքի հիմքում վստահությունն է», - ասում է Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Քենեթ Էրոուն: Ներդրողները, սպառողները, գործատուները եւ քաղաքականություն մշակողները պատրաստակամ են ներդնելու, սպառելու կամ գործելու, եթե առկա է վստահություն: Սակայն, ի հեճուկս այս ամենի, վստահությունը հաճախ այն է, ինչ այսօր պակասում է հասարակական հարաբերություններում:Գոյություն ունի ուղիղ համեմատական կապ վստահության մակարդակի եւ տնտեսական աճի միջեւ: Ըստ որոշ հաշվարկների, վստահության յուրաքանչյուր 10% աճն ապահովում է 1% տնտեսական աճ: Ավելին` վստահությունը համարվում է այն հիմնարար պատճառներից մեկը, որը երկարաժամկետ հատվածում հանգեցնում է տարբեր երկրներում մեկ շնչի հաշվով եկամտի եւ ՀՆԱ-ի աճի տարբերությունների: Վստահությունը յուրաքանչյուր երկրի սոցիալական կապիտալն է, որը պակաս արժեքավոր չէ, քան մարդկային կամ նյութական կապիտալը: Սակայն սոցիալական կապիտալը քանակապես արտահայտելն ավելի բարդ է, քան աշխատողների արտադրողականության կամ կապիտալի հատույցի գնահատումը: Այդ իսկ պատճառով սոցիալական կապիտալի չափումը իրականացվում է սոցիոլոգիական հարցումների եւ հետազոտությունների միջոցով: ՀՀ-ում սոցիալական կապիտալի չափման հետազոտությունները 2004 թվականից ի վեր իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան (ՀՌԿԿ)-ի կողմից: Պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը մեզանում բավական ցածր մակարդակի վրա է: Դրա մասին են վկայում ՀՌԿԿ 2012 թ. «Կովկասյան բարոմետրի» արդյունքները (2013 թ.-նի արդյունքները դեռ չեն ամփոփվել), որոնց համաձայն հայերիս ընդամենը 44%-ն է վստահում բանկերին, 43%-ը՝ կրթական համակարգին, 25%՝ լրատվամիջոցներին, 20%-ը՝ գործադիր իշխանությանը, եւ 16%-ը՝ Ազգային Ժողովին: Ընդ որում, հարկ է նշել, որ վստահությունը բոլոր վերոնշյալ ինստիտուտների նկատմամբ 2011թ. Համեմատ նվազել է 2-8 տոկոսային կետով: 2012 թվականից ի վեր նվազել է նաեւ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից յուրաքանչյուր եռամսյակ հաշվարկվող Սպառողների Վստահության Ցուցանիշը (ՍՎՑ), որում արտացոլվում է սպառողների լավատեսությունը եւ վստահությունը տնտեսության ապագայի նկատմամբ: Յոթ եռամսյակ անընդմեջ նվազող ՍՎՑ-ն մի կողմից աճող անվստահության, մյուս կողմից` նվազող տնտեսական աճի նշան է:Հավանաբար, կարեւորագույն գործոնը, որի «միջնորդությամբ» վստահությունը ազդում է ՀՆԱ-ի մակարդակի վրա, ներդրումներն են: Եթե գործարարը վստահություն չունենա վաղվա տնտեսական աճի եւ կայունության նկատմամբ, այսօր չի կատարի ներդրումը, եւ, հետեւաբար, չի լինի նաեւ վաղվա տնտեսական աճը: Սա կարող է վերածվել արատավոր շրջանի: Անվստահությունը անդրադառնում է նաեւ կառավարության եւ բիզնեսի փոխհարաբերությունների վրա: Մի կողմից կառավարությունը, չվստահելով մասնավոր ոլորտի գործակալներին, կարող է խստացնել վերահսկողությունը, մյուս կողմից` մասնավոր կառույցները չվստահելով կառավարությանը, կարող են կապիտալը «փախցնել» երկրից: Այստեղ տեղին է հիշել «Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» խորհրդի նախագահ Մուշեղ Ավետիսյանի հարցազրույցը Bank.am-ին, որում նա ցավով փաստել էր, որ մեր երկրից արտագաղթում է ոչ միան բնակչությունը, այլեւ կապիտալը:Թերեւս, կառավարության նկատմամբ անվստահության օրինակները տեսանելի են նաեւ առանց հարցումների ու տոկոսների: Օրինակներից մեկը հասարակության ոչ միանշանակ արձագանքն է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նկատմամբ, որը մեծ հաշվով պայմանավորված է տնտեսության ապագայի ու կառավարության գործունեության նկատմամբ անվստահությամբ եւ անցյալի փորձով:Այսպիսով, ունենք այն, ինչ ունենք` հասարակության նվազող վստահություն, արտահանվող կապիտալ եւ 2013 թվականին բյուջեով նախատեսված 6.2% տնտեսական աճի թերակատարում: Տնտեսական պատմությունը ցույց է տալիս, որ կան դեպի տնտեսական զարգացում տանող տարբեր ուղիներ: Այնուամենայնիվ, բարձր հասարակական վստահությունը ավելի հավանական է դարձնում երկրի ինստիտուցիոնալ եւ կրթական զարգացումը` հանգեցնելով երկարաժամկետ կայուն տնտեսական աճի:Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար Tweet Դիտում՝ 2713