«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերությունն այս տարի նշում է իր 20-ամյա հոբելյանը, որին ընդառաջ նախատեսում է իրականացնել միջոցառումների մի ամբողջ շարք: Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանն ասել է, որ ի սկզբանե մշակվել է այնպիսի ծրագիր, որը չի սահմանափակվի մեկ-երկու միջոցառումներով, փոխարենը կկրի շարունակական բնույթ` ամբողջ տարվա ընթացքում ներգրավելով բոլոր գործընկերներին, հաճախորդներին եւ ընկերության աշխատակիցներին` ներկա եւ նախկին:Նրա փոխանցմամբ, հոբելյանական ծրագիրն իրականացվելու է 2 տարբեր հարթությունների վրա: Առաջին հարթությունը կընդգրկի մասնավոր հատվածը, որի շրջանակներում կկազմակերպվեն մրցույթներ երիտասարդ գործարարների համար, համատեղ միջոցառումներ կանցկացվեն գործընկեր կազմակերպությունների, մասնավորապես` IMC Armenia-ի հետ: «Հոբելյանական ծրագրի շրջանակներում կգործարկվեն նաեւ զեղչերի ամբողջական համակարգ` յուրաքանչյուր ամիս որոշակի ծառայությունների համար առաջարկելով 20% զեղչ: Կլինեն մի շարք անակնկալներ, որոնց մասին կտեղեկացնենք առաջիկայում», - հավաստիացրել է Սամվել Գեւորգյանը: Երկրորդ հարթությունը կներառի BSC-ի բոլոր ներկա եւ նախկին աշխատակիցներին, որի շրջանակներում սոցիալական ցանցում ստեղծված խմբի միջոցով կկազմակերպվեն բազմաթիվ թեմատիկ միջոցառումներ: Ընկերության աշխատակիցները ներգրավված կլինեն նաեւ տարբեր միջոցառումներում` շաբաթօրյակ, ֆլեշմոբեր եւ այլն:«Ընկերության լոգոն եւս որոշակի լրամշակման ենթարկվեց: Արդյունքում բավական հետաքրքիր լուծում ստացանք` ընդգրկելով այն բոլոր աշխատակիցների նկարները, ովքեր իրենց զգալի ավանդն են ունեցել ընկերության կայուն զարգացման մեջ: Քանի որ նախկին աշխատակիցներից շատերը գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, այս քայլով մենք նաեւ քննարկումների եւ շփման ակտիվ հարթակ ստեղծեցինք BSC-ականների միջեւ: Ընդհանուր առմամբ, նախատեսում ենք անցկացնել 20 միջոցառում` այն կապելով 20-ամյակի հետ», - ասել է մեր զրուցակիցը: Ամփոփելով անցած ուղին` Սամվել Գեւորգյանը նշել է, որ գործունեության 20 տարիների ընթացքում BSC-ն մշակել է 600-ից ավել բիզնես եւ ներդրումային ծրագրեր Հայաստանի ձեռնարկությունների, 70 խոշոր հետազոտություն եւ ուսումնասիրություն միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ 1 100-ից ավել բիզնես դասընթացներ 12 000 մասնակիցների համար: «Մեկ այլ կարեւոր ձեռքբերում է նաեւ այն, որ BSC-ի նախկին աշխատակիցներից շատերը ներկայումս զբաղեցնում են լուրջ եւ պատասխանատու պաշտոններ մասնավոր հատվածի առաջատար ընկերություններում», - նշել է BSC-ի ղեկավարը: «Լինելով Հայաստանի առաջին խորհրդատվական ընկերությունը` մեծ պատասխանատվություն ենք զգում եւ պատրաստ ենք միեւնույն նվիրվածությամբ խթանելու փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը Հայաստանում` անտեսելով դժվարություններն ու բոլոր խոչընդոտները», - եզրափակել է Սամվել Գեւորգյանը:BSC-ն հիմնադրվել է 1994թ.-ին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում եւ հանդիսանում է TACIS-ի կողմից ԱՊՀ տարածքում ֆինանսավորված հազարավոր ծրագրերի բացառիկներից մեկը, որը չի դադարել իր գործունեությունը ֆինանսավորման ավարտից հետո եւ 1998 թ.-ից դարձել է ամբողջովին ինքնաֆինանսավորվող կազմակերպություն: Tweet Դիտում՝ 3110