Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւում է ավելի քան 10 օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր 10 օրվա համար 5000 դրամ: Միաժամանակ, հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման եւ պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:Հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խորհուրդ է տալիս ավտովարորդներին նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչեւ նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես` նախորդ պայմանագրի ավարտից առնվազն 10 օր առաջ: «Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1446