ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անդրադարձել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը: 2rd.am կայքում հրապարակված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է.«Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա եւ ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով: Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները եւ շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետեւ մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար` հաշվի առնելով նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը», - ասել է նախկին նախագահը: «Որեւէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի եւ բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով, ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած տատանողականությունն է, ինչի հետեւանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը: «Վերջին ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին եւ չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է», - ասել է նախկին նախագահը: «Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտակումները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, եւ որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում: Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը եւ հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են եւ, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում», - նշել է Ռոբերտ Քոչարյանը: Tweet Դիտում՝ 4045