Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր ծրագրի նպատակն է կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն:Այդ մասին հայտարարել է ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը` Հայաստան կատարած այցից հետո: «Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու եւ իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Դրանց թվում են արձագանքը 2013 թ. աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր եւ օտարերկյա ուղղակի ցածր ներդրումներին եւ համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը: 2009 թ. սկսած, այդ թվում՝ 2013 թ., ընթացիկ հաշվի պակասուրդը զգալի կրճատվել է, սակայն համեմատաբար բարձր է պահպանվում: Թեեւ կարեւոր առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, այդ թվում՝ ֆինանսական հատվածում, կենսաթոշակային, սոցիալական նպաստների եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտներում, անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը եւ մրցունակությունը ամրապնդելու համար: Նշված գործողությունները կօգնեն մասնավոր գործունեությունն ուղղել դեպի ներդրումներ եւ խթանել արտահանումը: Մյուս ոլորտներում, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են ռիսկերի ավելի լավ գնահատմանը եւ զսպմանն ուղղված գործողություններ», - ասել է Մարկ Հորթոնը:«Նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն: 2014 թ. բյուջեի պակասուրդը սպասվում է, որ կբարձրանա՝ հաշվի առնելով կապիտալ ծախսերի ավելացումն ու աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը: 2015 թ. սկսած ծրագրով կնպատակադրվի կապիտալ ծախսերի շարունակական աճ՝ բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման հետ մեկտեղ: Ռիսկերի ավելի լավ վերլուծությունը, կարգապահության բարձրացումը, խաղի ավելի հավասար կանոնները եւ հարկային ճեղքվածքների վերացումը կապահովեն ավելի բարձր եկամուտներ`սոցիալական եւ ներդրումային կարիքների եւ պակասուրդի կրճատման համար: Դա պետական պարտքը կփոխադրի նվազման ուղի», - նշել է ԱՄՀ պատվիրակության ղեկավարը: Tweet Դիտում՝ 2051