ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր հայտնել է, որ տարեսկզբից մինչ օրս Հայաստանից արտահանվել է շուրջ 60 հազար 100 տոննա պտուղ բանջարեղեն եւ խաղող` երկու անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արտահանման ծավալը: Փոխնախարարը նշել է, որ մեծ աճ է արձանագրվել ծիրանի`23 հազար տոննա եւ կարտոֆիլի արտահանման ուղղությամբ` 20 հազար 500 տոննա:«Հիմնականում արտահանումը եղել է ՌԴ, Վրաստան եւ Իրաք: Արտահանման ծավալի շուրջ երկու երրորդը արտահանվել է Ռուսաստան. անդամակցությունը Մաքսային միությանը լայն հնարավորություն կստեղծի արտահանման ծավալների հետագա աճի համար»,-ասել է նա: Ռոբերտ Մակարյանը նշել է, որ չնայած Արմավիրի մարզում տեղացած կարկուտին` գյուղացիները խնդիր չեն ունեցել կարկտահարված բերքի իրականացման հետ, որն ամբողջովին մթերվել եւ վերամշակվել է կազմակերպությունների կողմից: Փոխնախարարի փոխանցմամբ, ընթացիկ տարում մթերվել է 224 հազար տոննա պտուղ բանջարեղեն եւ խաղող, որից բանջարեղենի մասնաբաժինը 28 հազար տոննա է, պտուղինը` 29 հազար տոննա, իսկ խաղողինը` 167 հազար տոննա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պտուղ բանջարեղենի մթերման ցուցանիշը կազմել է 215 հազար տոննա: «Մեծ արդյունք է արձանագրվել նաեւ գյուղմթերքի գնման վճարումների հետ կավված: Վերամշակողների պարտքը գյուղացիներին չնչին է»,-ասել է նա:Անդրադառնալով գյուղատնտեսական տոնավաճառներին` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ տարվա ընթացքում դրանց մասնակցել է շուրջ 9000 գյուղացիական տնտեսություն: Դեկտեմբերի 21-ից մինչ տարեվերջ Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում գործող տոնավաճառները կկրեն ամենօրյա բնույթ:2014-ին կավարտվի ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ իրականացվող «Սպանդանոցների զարգացման ծրագիրը», որի արդյունքում Կոտայքի, Արագածոտնու եւ Վայոց Ձորի մարզերում կբացվեն հինգ նոր սպանդանոցներ: Tweet Դիտում՝ 1656