Այսօր Ազգային ժողովում կայացած 2014 թվականի պետական բյուջեի օրինագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանգամանալից կերպով խոսել է կենսաթոշակային բարեփոխման մասին:«Այս համակարգին մենք նախապատրաստվել ենք 10 տարի: Այս համակարգի մշակման վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, կոալիցիոն չորս կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ», - ասել է վարչապետը:«2009-2010 թվականների ընթացքում որոշում ընդունեցինք ընդառաջ գնալ մեր ընդդիմախոսներին եւ այս հայեցակարգի ներդրումն իրականացնել 2014 թվականի հունվարի 1-ից: Այսինքն, ժամանակահատված էր տրված, որպեսզի մասնավոր հատվածը նախապատրաստվի համակարգի ներդրմանը, ինչպես նաեւ, որպեսզի պետությունը եւս մեկ անգամ փորձարկի այն ենթակառուցվածքները, որոնք նախապատրաստել ենք այս համակարգը ներդնելու համար: Ուզում եմ շեշտել, որ կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում համարվում են ամենաբարդ բարեփոխումները: Եվ այս բարեփոխումը մեր անկախ պետականության տարիների ամենաբարդ ռեֆորմներից մեկն է, որովհետեւ այս ռեֆորմն առնչվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ մեր տնտեսական համակարգի բոլոր ոլորտների հետ», - նշել է Տիգրան Սարգսյանը:Այսօր Հայաստանում ունենք շուրջ 510 հազար թոշակառու եւ 2014 թվականի պետական բյուջեով հատկացրել ենք շուրջ 240 միլիարդ դրամ՝ թոշակներ վճարելու համար: 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվում է, որ միջին թոշակը կավելանա 15 տոկոսով՝ 31 հազար դրամից հասնելով 36 հազարի: Բայց մենք քաջ գիտակցում ենք, որ այդ թոշակի մակարդակը բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար: Եթե հաշվի առնենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, իսկ առողջապահական նվազագույն զամբյուղը՝ 51 հազար դրամ, բազային կենսաթոշակը՝ ընդամենը 14 հազար դրամ, ապա կտեսնենք, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են թոշակների հաշվին՝ գտնվում են աղքատության շեմից ցածր մակարդակի վրա: Որպեսզի մենք կարողանանք բազային կենսաթոշակը 14 հազարից հասցնել 41 հազարի, մեզ միայն այդ գործողության համար կպահանջվի առնվազն 270 մլրդ լրացուցիչ ֆինանսավորում: Իսկ դա կնշանակի, որ եթե մեր պետական բյուջեի 48 տոկոսն այսօր սոցիալական ծախսեր են, եւս 20-25 տոկոսային կետով ավելացումը թոշակների վճարումների, մեր պետության համար այնպիսի բեռ է, որ մենք չենք կարող այն դնել պետական բյուջեի վրա, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում 500 հազար քաղաքացի է այսօր վճարում եկամտային հարկ, եւ Հայաստանում այսօր գործում է սերունդների համերաշխության սկզբունքը: Այսինքն` այդ սոցիալական հարկի շնորհիվ մենք պետք է ապահովենք մեր ծերացող բնակչության արժանավայել կենսաթոշակները», - ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1594