Էներգոարդյունավետության խնդիրների շուրջ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու ծրագրի շրջանակներում այսօր ներկայացվել է «Գիտեի՞ք արդյոք» գրքույկը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի, Գրին ֆոր Գրոութ Հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համատեղ ուժերով:Նախաձեռնության նպատակն է իրազեկել բնակչության բոլոր հատվածներին էներգոարդյունավետության կարեւորության մասին: Գրքույկը համապարփակ առաջարկներ է տրամադրում էներգոարդյունավետ գործիքների ու միջոցների վերաբերյալ, որոնք կարող են կիրառվել սպառողների կողմից: Այն նաեւ ընդգրկում է տեղական շուկայում հասանելի ջերմամեկուսիչ նյութերի մասին տեղեկատվություն: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը գրքույկի շնորհանդեսին նշել է, որ գոհ են համատեղ նախաձեռնության արդյունքներից եւ հույս ունեն, որ գրքույկում ներառված էներգոարդյունավետության խորհուրդները հանրության համար թե օգտակար եւ թե կիրառելի կլինեն:«Համատեղելով մեր փորձառությունը եւ գնահատելով տեղական կարիքները՝ կարողանում ենք էներգոարդյունավետության միջոցների վերաբերյալ մի շարք գործնական խորհուրդներ առաջարկել, որոնք կարող են օգտակար լինել ցանկացած ընտանիքի համար»,- ասել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կայուն էներգիայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը:Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Երեւանի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը Հայաստանում էներգոարդյունավետության գաղափարը խթանելու համար անհրաժեշտ է համարել պետական եւ մասնավոր հատվածների բոլոր ներկայացուցիչների տիրապետումը էներգոարդյունավետության խնդիրներին եւ այդ գիտելիքի ակտիվորեն կիրառումն առօրյա կյանքում: «Էներգոարդյունավետությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի նման վառելիքի սահմանափակ հանածոյի պաշարներ ունեցող երկրների համար եւ պետք է քաղաքացիների համար առաջնահերթություններից մեկը լինի: Մեր անհատական սովորությունները փոխելով եւ պաշարները խելամտորեն օգտագործելով՝ կարող ենք նպաստել էներգոարդյունավետության բարձրացմանն ու աջակցել շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- ասել է Գրին ֆոր Գրոութ Հիմնադրամի Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահ Քրիստոֆեր Նոուլսը:Գրքույկը կտարածվի ֆինանսական հաստատությունների միջոցով, նպատակ ունենալով հաճախորդներին օգնել տեղեկացված եւ էներգոարդյունավետ որոշումներ կայացնել: Այն հասանելի է նաեւ www.abcfinance.am կայքում: Tweet Դիտում՝ 2142