ՀՊՏՀ-ն եւ բրիտանական Globe Education-ը համատեղ բիզնես-դպրոց են հիմնում

05.12.2013 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն (ՀՊՏՀ) ու բրիտանական Globe Education (GB) ընկերությունը համատեղ կհիմնադրեն «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ:

Այս որոշումը ՀՀ Կառավարությունն ընդունել է այսօր կայացած նիստում:

«Շուրջ մեկ տարի է, ինչ բանակցում ենք Globe Education (GB) կազմակերպության հետ եւ ուրախալի է, որ այսօր կառավարությունը թույլատրեց մեզ իրականացնել համատեղ մագիստրոսական ծրագիր: Այս նախագիծը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ նման բիզնես-դպրոց հիմնելով` մենք հենց Հայաստանում միջազգային կրթություն ստանալու հնարավորություն ենք տալիս ոչ միայն մեր երկրի քաղաքացիներին, այլեւ տարածաշրջանի ուսանողներին: Սա Հայաստանի կրթական համակարգի հեղինակության բարձրացմանը միտված լուրջ քայլ է եւ հավակնոտ ծրագիր»,- ասել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Globe Education (GB)-ի գործընկերները բրիտանական չորս բուհեր են, որոնցից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելու է Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանը: Համատեղ բիզնես-դպրոցի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է անգլերեն լեզվով՝ Globe Education (GB)-ի ծրագրով, որը նախատեսում է 6 պարտադիր մոդուլներ եւ 2 ընտրովի, որոնք հնարավոր է ընտրել 3 հնարավոր մոդուլներից:

Ուսանողին հնարավորություն է տրվում նաեւ ընտրել ավարտական աշխատանքը, որը կարող է լինել մագիստրոսական թեզ, ուսումնասիրություն կամ բիզնես-պլանի մշակում: Հեռակա դասընթացը նախատեսվում է անցկացնել վեց շաբաթը մեկ՝ 3 օրով՝ ուրբաթ երեկոյան, շաբաթ եւ կիրակի օրերն ամբողջությամբ, որից հետո ուսանողը կունենա 6 շաբաթ ժամանակ՝ տվյալ մոդուլի կուրսային աշխատանքի ներկայացման համար:

Ուսումնառության 18 ամիսների ընթացքում ուսման վարձը վճարած ուսանողը հնարավորություն է ստանում մոդուլներից ցանկացածի ընթացքում ընդգրկվել Globe Education (GB)-ի որեւէ մասնաճյուղում` Լոնդոնում, Բելգրադում, Կուալա Լամպուրում, Հոնգ Կոնգում:

Դիտում՝ 3178
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW