Այսօր Երեւանում ներկայացված Համաշխարհային բանկի զեկույցը Հայաստանում աշխատատեղերի ստեղծման նոր մոդել է առաջարկում, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից:Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» զեկույցը Հայաստանի մրցունակությունը բարելավելու համար առաջարկել է վավերացնել այն բոլոր կոնվենցիաները, որոնք տարանցիկ գործընկերների նկատմամբ կարող են մեծացնել Հայաստանի լծակները եւ բարելավել Վրաստանով անցնող տարանցման ուղին, ազատականացնել ավիացիան, որը կհանգեցնի ուղեւորների եւ բեռնափոխադրումների ավելացմանը եւ զարկ կտա տնտեսական աճին, աջակցել կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին` Հայաստանը դարձնելով ոլորտի առաջատար համաշխարհային կենտրոն: Զեկույցի համաձայն, 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հինգ տարի անց էլ Հայաստանում չի լուծվել զբաղվածության խնդիրը: Վերջին հինգ տարիների ընթացքում աճել է գործազրկությունը, եւ այսօր գործազուրկ է Հայաստանի աշխատուժի 18 տոկոսը, ինչը անհամեմատ բարձր է տարածաշրջանային միջին ցուցանիշից: Զեկույցի հեղինակներն առանձնացնում են ինքնաբավ աճի եւ աշխատատեղերի ստեղծման մի շարք բաղադրիչներ: Առաջինը խնայողություններ ունեցողների եւ ներդրողների համար ավելի մեծ ներդրումների եւ ֆինանսական միջնորդության բարելավումն է: Զեկույցի կանխատեսումներով, զարգացնելով ՓՄՁ կարողությունները վարկերի ստացման մասով հնարավոր է բարելավել գրավի հաշվառումը, խթանել միկրոֆինանսավորումը, ընդլայնել ծառայությունները: Զեկույցի հեղինակները կարեւորում են մասնավոր հատվածում աշխատատեղերի ձեւավորումը եւ աշխատողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարելավումը, արձանագրելով, որ գործարար միջավայրի բարեփոխումների եւ մրցակցության ապահովման միջոցով արդյունավետ գործող ավելի շատ ընկերությունների մուտքը շուկա հնարավորություն կընձեռի բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին նշել է, որ զբաղվածության խնդրի կարգավորումը պահանջում է բազմավեկտոր մոտեցում, իսկ ինստիտուցիոնալ բացերը եւ մասնագիտական պատրաստվածության պակասը լրացնելու համար կարող է օգտագործվել հայկական սփյուռքի ներուժը: Կարեւորվել է նորարարություններ կատարելու եւ նոր տեխնոլոգիաներ ներդնելու միջոցով ապրանքների ու ծառայությունների շուկայում մրցակցային ճնշումների մեծացումը: Հակամենաշնորհային կանոնների գործարկմանն ուղղված այս բարեփոխումները կարող են հանգեցնել արտադրողականության զգալի օգուտների եւ սպառողական խնայողությունների, ասված է զեկույցում: Զեկույցը փաստում է, որ Հայաստանից արտահանվող ապրանքների 80 տոկոսն անցնում է ցամաքային ճանապարհով, իսկ օդային կապի բարձր գները եւ ուղեւորների ու բեռների փոխադրման սահմանափակ ճկունությունը մինչեւ վերջերս լրացուցիչ ծախսեր էին ստեղծում: Տարիներ շարունակ վարելով ավիացիայի ոլորտում սահմանափակող քաղաքականություն, Հայաստանը միայն վերջերս է հայտարարել ոլորտի ազատականացման մասին: Զեկույցը կոչ է անում մեծացնել ծովային սահման չունեցող Հայաստանի տնտեսության փոխկապակցվածությունն արտաքին շուկայի հետ, ինչը կնպաստի մրցունակության բարելավմանը: Tweet Դիտում՝ 2036