Երեւան: Մեդիամաքս: Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացված հետազոտության արդյունքներով, հայաստանցիների 64%-ը դրական է վերաբերվում Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու գաղափարին» հարցին հարցվածների 36%-ը պատասխանել է «ավելի շուտ դրական», 28%-ը` «լիովին դրական»: Ներկայացնելով «Հայաստանի քաղաքացիների քաղաքական եւ տնտեսական սպասումները» հետազոտության արդյունքները՝ Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հիշեցրել է, որ 2013թ. ապրիլին իրականացված հետազոտության ժամանակ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գաղափարին կողմ էր արտահայտվել հարցվածների 67%-ը: «Որոշակի նվազումը կարելի է կապել սեպտեմբերի 3-ից հետո Մաքային միությանն անդամակցելու հետ կապված լայնածավալ հակաքարոզչության հետ»,- նկատել է Արամ Նավասարդյանը: Ըստ հետազոտության արդյունքների, Մաքսային միությանն անդամակցելուն Երեւանում դրական են վերաբերում հարցվածների 67%-ը, մարզերում` 61%-ը: «Ինչպիսի՞ սպասումներ ունեք Մաքսային միությանը մեր երկրի անդամակցությունից» հարցին հարցվածների 38%-ը պատասխանել է՝ տնտեսական աճ, 26%-ը` գների նվազում, 17%-ը` ոչինչ չի փոխվի, եւ 8%-ը` գների բարձրացում: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 18%-ը:45-54 տարեկան հարցվածների շրջանում Մաքսային միության հանդեպ վերաբերմունքն առավել դրական է, քան այլ տարիքային խմբերի հարցվածների շրջանում: Հետազոտությունն իրականացվել է հոկտեմբերի 9-ից 16-ը “դեմ առ դեմ” սկզբունքով 1067 հարցվածների շրջանում, Հայաստանի ողջ տարածքում: Tweet Դիտում՝ 4340