ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է իր վերաբերյալ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում հրապարակված տեղեկատվությունը:Թերթում տպագրվել էր նյութ ՎՏԲ-Հայաստան Բանկին պատկանող “Միկա Ցեմենտ” գործարանի աշխատակցի մահվան մասին՝ նրան 5 ամսվա աշխատավարձ չվճարելու պատճառով:Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը “Միկա Ցեմենտ” ՓԲԸ 100% սեփականատեր է դարձել 2013թ. հուլիսից եւ հենց այդ ժամանակից էլ ֆինանսավորում է տրամադրել ձեռնարկությանը ստորագրած համաձայնագրի շրջանակներում:“Ֆինանսավորումը կատարվել է “Միկա Ցեմենտ” գործարանի պարտքերի մարման պարտավորությունների կատարման, այդ թվում նաեւ աշխատավարձերի վճարման նպատակով: Շնորհիվ ստացված միջոցների` “Միկա Ցեմենտ” գործարանը վերականգնել է իր աշխատանքը, որը դադարեցվել էր ընկերության կողմից պարտքային պարտավորությունների չկատարման պատճառով: Այսպիսով, 5 ամսվա աշխատանքային պարտք աշխատակիցների հանդեպ ձեռնարկությունը չուներ: Բանկի կողմից ֆինանսավորման մասին տեղեկությունը Բանկը հրապարակել է 2013թ. հուլիսի 18-ին”,- նշված է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաղորդագրության մեջ:Հաղորդագրության համաձայն, հրապարակված նյութի ոչ հավաստի բնույթի հետ կապված Բանկը որոշել է հայց ներկայացնել ընդդեմ “Ժողովուրդ” օրաթերթի՝ Բանկի գործարար համբավն արատավորող տեղեկություն տարածելու համար:Հայտարարության մեջ նշվում է, որ այժմ “Միկա Ցեմենտ” ընկերությունն աշխատում է սովորական ռեժիմով, իսկ արտադրանքի մատակարարումն իրականացվում է ժամանակացույցին համապատասխան: Tweet Դիտում՝ 3566