Տ.Սարգսյան. Ուշադրության կենտրոնում պետք է լինի բիզնես միջավայրի բարելավումը

28.10.2013 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բիզնես միջավայրի բարելավումը, եւ այստեղ մենք արձանագրում ենք, որ դեռեւս ունենք չլուծված խնդիրներ, իսկ որոշ չափանիշներով նաեւ նահանջ ունենք:

Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով 2014թ. պետական բյուջեն:

«Այս ցուցանիշը չափազանց կարեւոր է, որովհետեւ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը պետք է լինեն մասնավոր ներդրումները, իսկ դրանց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին հինգ տարիների ընթացքում կայուն կերպով նվազում է, ինչը, բնականաբար,  մտահոգում է մեզ: Դա նշանակում է, որ բիզնես միջավայրի բարելավումը մեզ համար պետք է լինի առաջնահերթություն: Չնայած որ մենք այդ ցուցանիշով 180 երկրների համեմատության մեջ առաջին 40 երկրների շարքում ենք, դա, իհարկե, մեզ չի կարող բավարարել երկու պատճառով. հաշվի առնելով աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք իրենց էական եւ բացասական ազդեցությունն են թողնում բիզնես միջավայրի վրա, մենք պարտավոր ենք հայտնվել առնվազն առաջին քսանյակում: Այդ ցուցանիշի երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ցուցանիշների բաշխվածությունն անհավասարաչափ է: Կան ցուցանիշներ, որտեղ մենք աշխարհում զբաղեցնում ենք 5-րդ, 6-րդ, 7-րդ տեղերը, բայց կան նաեւ ցուցանիշներ, որ նույնիսկ 100-յակի մեջ չենք մտնում: Հենց այդ ցուցանիշներն էլ էապես զսպում են տնտեսական աճը ՀՀ-ում: Խոսքն առաջին հերթին գնում է վարչարարության, առեւտրի պայմանների, հարկային բեռի, ինչպես նաեւ պայմանագրերի կատարման գործընթացների մասին», - նշել է վարչապետը:

Միեւնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել շինարարության ոլորտում ստեղծված վիճակի կապակցությամբ՝ ելնելով երկու հանգամանքից:

«Առաջինը, որ բիզնես միջավայրի ցուցանիշի տեսակետից մենք դեռեւս ունենք բյուրոկրատիայի բարձր աստիճան շինթույլտվությունների բնագավառում: Երկրորդը՝ վերջին հինգ տարիների ընթացքում շինարարության ոլորտում ունենք կայուն նվազում, եւ այդ միտումները շարունակվում են նաեւ 2013 թվականին»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 1490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW