Մոսկվայի պետական համալսարանի Մաթեմատիկական ֆինանսների կենտրոնը Stock-Talk.ru կայքի հետ համատեղ անցկացնում է «Ռուսաստանյան Բաֆեթ» առաջին միջազգային ուսանողական օլիմպիադան՝ նվիրված ներդրումային վերլուծությանը: Ինչպես հաղորդում է Metronews.ru-ն, օլիմպիադայի հիմնական նպատակն է ուսանողների շրջանում գտնել նոր, տաղանդավոր եւ հեռանկարային ներդրումային վերլուծաբանների: Ըստ կանոնների, յուրաքանչյուր մասնակից պետք է ընտրի 5 ռուսաստանյան բաժնետոմս, կազմի վերլուծական նյութ ընկերության համար, նշի զարգացման գործոններն ու ռիսկերը, ինչպես նաեւ հիմնավորի ներդրումային թեզը: Այդ ամենն անհրաժեշտ է անել այնպես, որպեսզի պոտենցիալ ներդրողն օգտակար գնահատի տեղեկատվությունը: Stock-Talk.ru կայքի հիմնադիր Յարոսլավ Նիկիտինը հայտնել է, որ օլիմպիադայի հաղթողը հնարավորություն կստանա ընթրել «Տրոյկա Դիալոգ» ռուսաստանյան առաջին ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ: Օլիմպիադան անցկացվում է ռուսերեն լեզվով, դրան կարող են մասնակցել ուսանողներ բոլոր երկրներից: Մրցաշարի գաղափարը գալիս է ԱՄՆ-ից, ինչով էլ պայմանավորված է անվանումը՝ «Ռուսաստանյան Բաֆեթ»: Հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը հաճախակի է անցկացնում «վճարովի» հանդիպումներ նրանց հետ, ովքեր առանձնազրույց ունենալու ցանկություն են հայտնում: Այդ հանդիպումներից գոյացած գումարները նա ուղղում է բարեգործությանը: Օլիմպիադայի մանրամասները հասանելի են այստեղ: Tweet Դիտում՝ 3898