Ըստ Ամերիա-ի հետազոտության, ՓՄՁ-ները խոսում են պահանջարկի անկման մասին
15.10.2013 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիա Բանկ

Ամերիա խորհրդատվական ընկերությունն այսօր ներկայացրել է «Փոքր եւ միջին ձեռնարկությունները Հայաստանում` ներկա վիճակը, զարգացման միտումները եւ օգտագործվող գործիքները» հետազոտությունը:
Այն ներառում է ՓՄՁ-ների մակրոտնտեսական նկարագիրը, ՀՀ տնտեսությունում ՓՄՁ-ների դերի գնահատումը, ներդրումները եւ նորարարությունը, ՓՄՁ միջնաժամկետ սպասումները, հարաբերությունը բանկային համակարգի հետ, խորհրդատվական եւ այլ ծառայությունների կարիքները, ՓՄՁ ոլորտի կարգավորումը ՀՀ-ում եւ միջազգային համադրումները:
Հետազոտության համար ընտրվել է 1003 ՓՄՁ` Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Դիլիջանից` համապատասխանաբար` 655, 144, 152 եւ 52: Ուսումնասիրված ՓՄՁ-ների 74.7 %-ը գերփոքր են, 20,2%-ը` փոքր, իսկ 5,1%` միջին:
«Հաշվի առնելով, որ տվյալ ոլորտը որոշիչ է Հայաստանի զարգացման համար` փորձել ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն ՓՄՁ-ները, ինչով են մտահոգված եւ ինչպիսի ծրագրային լուծումներ կարելի է առաջարկել: Հետաքրքիր արդյունք ենք ստացել: ՓՄՁ-ները հիմնականում խոսում են այն մասին, որ շուկայում կա բավական լուրջ պահանջարկի անկում, ինչը պայմանավորված է դեմոգրաֆիկ խնդիրներով, սպառողների նվազմամբ եւ հարկային բեռով»,- ասել է Ամերիա ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Ուսումնասիրված 1003 ՓՄՁ-ների 47.6 %-ը զբաղվում է առեւտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2,2%-ը` շինարարությամբ:
Հետազոտության համաձայն, ՓՄՁ-ների զարգացման հիմնական խոչընդոտը բնակչության ցածր պահանջարկը եւ բարձր հարկերն են: Գյումրիում եւ Վանաձորում որպես խոչընդոտ մեծ է արտագաղթի դերը: Նշված 4 քաղաքներից լավագույն դիրքում գտնվում է Դիլիջանը, անկումը, հատկապես մեծ է Վանաձորում եւ Գյումրիում:
Ըստ վերլուծության, ՓՄՁ-ների կողմից ամենապահանջված բանկային պրոդուկտը վարկերն ու փոխանցումներն են: Վարկերի մոտ 70%-ը դրամով է, որի միջին տոկոսադրույքը 18%-ն է, իսկ դոլարի դեպքում`14%-ը: Բանկն ընտրելու ամենակարեւոր գործոնը սպասարկման արագությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: